Հանդիպում «Մոսմետրոստրոյ» ընկերության ներկայացուցիչների հետ

01-07-2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Նարեկ Զուլալյանը և Սերժիկ Պետրոսյանը հանդիպել են ռուսաստանյան «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովը, ներկայացնելով իր գլխավորած կազմակերպությունը, ընդգծել է, որ այն հիմնադրվել է 1931 թվականին և բազմապրոֆիլ շինարարական կազմակերպություն է, որը զբաղվում է մետրոյի, երկաթգծերի, ավտոճանապարհային ենթակառուցվածքների, այդ թվում թունելների շինարարությամբ։ Այն աշխատանքներ է տարել և տանում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև նրա սահմաններից դուրս՝ Իսրայել, Սերբիա, Հնդկաստան, Չեռնոգորիա։
 
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը՝ Երևանում կառուցվելիք մետրոյի նոր կայարան, ճանապարհաշինական աշխատանքներ և այլն։
 
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանն անդրադարձել է ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նա տեղեկացրել է, որ հատկապես վերջին տարիներին մեծ ծավալներ են ստացել ճանապարհաշինական աշխատանքները՝ միայն ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հանրապետությունում նորոգելով տարեկան մոտ 500 կմ ավտոճանապարհ։ Նա նաև ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը՝ ընդգծելով, որ լայնածավալ աշխատանքներ են սպասվում ճանապարհային միջանցքի հարավային՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածներում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման շուրջ։

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին