Ներկայացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները
02-08-2021
Այսօր ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման տեխնիկական և մրցութային գործընթացի մանրամասները։
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ճանապարհային ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել ծրագիրը, հնարավորինս մեծ թվով շինարարական և խորհրդատվական կազմակերպությունների տեղեկացնել Սիսիան-Քաջարան հատվածում ծրագրվող աշխատանքների մասին։
Նշված հատվածում նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ (այդ թվում՝ Բարգուշատի թունելը, որի երկարությունը կկազմի շուրջ 8.7 կմ):
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, նշեց, որ յուրաքանչյուր երկրի համար ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայուն և դինամիկ զարգացման նախադրյալներից է։ «Ճանապարհային ոլորտը կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով հնարավոր է դրական ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի վրա՝ խթանելով արդյունաբերությունը, առևտուրը, սոցիալական հարաբերությունները, տարատեսակ ծառայությունների մատուցումը և այլն։ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև՝ անվտանգ տրանսպորտային ծառայությունների ապահովումը: Ասվածի համատեքստում կարող եմ նշել, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ռազմավարական ծրագրերից է, որը միտված է լինելու ապահովելու Հայաստանի տրանսպորտային համակարգի միջազգային ինտեգրումը»,- ընդգծեց Քրիստինե Ղալեչյանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը շեշտեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի համար։ Նա նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը կարևոր ազդեցություն է ունենալու Հայաստանի ճանապարհային ցանցի վրա։ Պարոն Մաչյանը ներկայացրեց Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքը, իրականացված և այժմ տարվող աշխատանքները։ «Այժմ մենք սկիզբ ենք դնում Հյուսիս-հարավ միջանցքի նոր ծրագրի՝ Տրանշ-4-ի, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։ Տրանշ-4-ը բավականին մեծ ծրագիր է. այդ իսկ պատճառով այն բաժանվել է 3 ենթահատվածի։ Տրանշ-4-ի ընդհանուր երկարությունը մոտ 2 անգամ ավելին է, քան առաջին երեք տրանշների երկարությունը միասին։ Այսօր մենք խոսելու ենք Սիսիան-Քաջարան հատվածի մասին։ Մենք նախատեսում ենք կառուցել ամբողջովին նոր ճանապարհ՝ նոր ծրագծով, որը գոյություն ունեցող ճանապարհի (միջպետական նշանակության Մ-2 ճանապարհ) ծրագծից դուրս է։ Այստեղ մենք կառուցելու ենք Հայաստանում ամենամեծ թունելը՝ Բարգուշատի թունելը՝ մոտ 8.7 կմ երկարությամբ։ Սիսիան-Քաջարան ծրագիրը մեգանախագիծ է Հայաստանի և տարածաշրջանի համար։ Մենք վստահ ենք, որ այս հատվածի կառուցումը մեծապես կնպաստի Հայաստանի ճանապարհային ցանցի և տնտեսության զարգացմանը»,- ասաց Ստեփան Մաչյանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի վերաբերյալ մանրամասներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գնումների բաժնի պետ Հասմիկ Օրդուխանյանը խոսեց շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարվելիք մրցույթի, ինչպես նաև՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպության ընտրության համար հայտարարվելիք մրցույթի իրականացման փուլերի և գնահատման չափորոշիչների մասին։
Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածը սկսվում է Մեծ Իշխանասար լեռան հարավային ստորոտից և Հասնում է մինչև Լեռնաձորի և Քաջարանի մատույցներ։ Սիսիան-Քաջարան հատվածի համար նախատեսված են երեք փոխհատումներ։ Այս հատվածը ձգվում է բարդ երկրաբանական տեղանքով։ Ճանապարհահատվածի հիմնական խոչընդոտը Բարգուշատ լեռնաշղթան է՝ ծովի մակարդակից մոտ 3200 մ բարձրությամբ։ Նախատեսված է լեռնաշղթան հատել Բարգուշատի թունելով, որտեղ նախատեսված են անվտանգության կահավորումներ՝ ծխահեռացման, օդափոխության, հակահրդեհային համակարգեր, լուսավորություն, ապաստարան, վթարային գրպաններ յուրաքանչյուր 500 մ-ում, SOS՝ համակարգ յուրաքանչյուր 250 մ-ում և այլն։ Ներկայացվեցին նաև շինարարության և հայտարարվելիք մրցույթների վերաբերյալ այլ մանրամասներ։
Ճանապարհային ոլորտի պատասխանատուները պատասխանեցին նաև ներկաների հարցերին։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ակտիվ փուլում է
05-11-2024Կատարվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։
Կարդալ ավելինԳուգարքի տարածաշրջանում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին
04-11-2024«Մոստ կոնտրակտ» ՍՊԸ-ն Գուգարքի տարածաշրջանում սպասարկում է մոտ 76կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ։
Կարդալ ավելինԹթուջուր-Նավուր ճանապարհի 15.1կմ հատվածը հիմնանորոգվում է
01-11-2024Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, 7կմ-ում՝ վերին շերտը։
Կարդալ ավելին