Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
Իտալական IRD Engineering ընկերությունն ամփոփել է 2022թ. Հայաստանում իրականացված ծրագրերը, ինչպես նաև IRD-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շնորհիվ կազմակերպված ճարտարագիտության ամառային դպրոցի 2-րդ հոսքի արդյունքները։
IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն, ողջունելով ներկաներին, նշեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 8 տարի։ «Այս ընթացքում մենք, համագործակցելով ՀՀ ՏԿԵՆ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ, մասնակցել ենք մի շարք ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր, և այս համագործակցությունը փորձի փոխանակման ու մասնագիտական որակները կատարելագործելու մեծ հնարավորություն է։ Մենք նաև հպարտ ենք, որ մեր մասնակցությամբ 2021թ. Հայաստանում հիմնվեց ու հաջողությամբ անցկացվում է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը, որն արդեն երկրորդ շրջանավարտներն է տալիս։ IRD-ն աշխատում է աշխարհի ավելի քան 30 երկրում, սակայն միայն Հայաստանում ենք մենք կյանքի կոչել նման կարևորագույն ծրագիր, գուցե պատճառը նաև ակտիվ համագործակցությունն է ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»,- ասաց Ֆաբիո Բուոնոմոն։ Իտալացի գործընկերները հավելեցին, որ ճարտարագիտության ամառային դպրոցի հայաստանյան փորձը մտադիր են ներդնել նաև այլ երկրներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշեց, որ վերջին տարիներին էապես աճել են ճանապարհաշինության ոլորտին տրվող հատկացումները, ինչը ենթադրում է զարգացման մեծ հնարավորություն։ Պարոն Ավետիսյանի խոսքով՝ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր ու մեծ գործերի շնորհիվ։ «Մեր գործընկերոջ՝ IRD Engineering-ի ճարտարագիտության ամառային դպրոցի կազմակերպումը, թերևս, այդ քայլերից մեկն է։ Գնահատելի է, որ իտալական խոշոր ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանի կրթական համակարգում։ Ես վստահեցնում եմ, որ Ճանապարհային դեպարտամենտն իր լիազորությունների շրջանակում կաջակցի կրթական նման ծրագրերին, որպեսզի ճանապարհաշինության ոլորտի մեր մասնագիտական ռեսուրսը մեծ աճ գրանցի՝ տարածաշրջանում լինելով մրցակցային»,- ասաց Գոռ Ավետիսյանը։
IRD Engineering-ի տարածաշրջանային տնօրեն Պիերլուիջի Ալոյան կարևորեց իրենց աշխատանքը Հայաստանում և ընդգծեց, որ մեր երկրի հետ փոխգործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ ինժեներական մասնագիտությունները չեն կարող լիարժեք դասավանդվել, հնարավոր չէ որակյալ շրջանավարտներ թողարկել, եթե տեսությունը չի զուգակցվում գործնական աշխատանքի հետ։ Այս դպրոցը լուծում էր այդ հարցը՝ ուսանողներին կիրառական գիտելիքներ փոխանցելով շինհրապարակներում, ուսանողներին հաղորդելով միջազգային փորձագետների հարուստ փորձը, ինչպես նաև սովորեցնելով ճանապարհաշինական մեծ ծրագրերի կառավարման հմտությունները։ Շինարարական մասնագիտություններում, որպես կանոն, ընդգրկվում են տղաները, սակայն համալսարանի ռեկտորն առանձնացրեց այն փաստը, որ ճարտարագիտության դպրոցի մասնակիցների մեծ մասն աղջիկներ էին։ Այսպիսով կոտրվում է այն կարծրատիպը, թե շինարարական մասնագիտությունը միայն տղամարդկանց համար է։
Միջոցառման ավարտին հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։ IRD Engineering ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանը տեղեկացրեց, որ IRD-ն կկազմակերպի նաև ամառային դպրոցի 2 մասնակցի պրակտիկան Հռոմում։ Հիմք ընդունելով մասնագետների գնահատականները՝ Իտալիայում ինժեներական պրակտիկա անցնելու հնարավորություն ստացան Անի Լալայանը և Սաթենիկ Հայրապետյանը։ Վերջիններս, երախտագիտություն հայտնելով դպրոցի կազմակերպիչներին, նշեցին, որ ծրագիրը փորձառություն է հաղորդել իրենց, և ստացած գիտելիքները կներդնեն ՀՀ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին