Բորիս Գասպարյան. «Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և նրանց փրկությանը»

06-12-2018

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվել են հնագիտական պեղումներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում հնագիտական պեղումներ իրականացվել են 11, իսկ  Տրանշ-3-ում՝ 5 տեղամասերում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշում է, որ Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվել են հուշարձաններ, որոնց մասին հնագետները գաղափար չունեին։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը հնագիտական բաղադրիչով Հայաստանի ամենաօրինակելի նախագիծն է։ Այստեղ բավականին լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և նրանց փրկությանը»,- նշում է Բորիս Գասպարյանը։ Նա նկատում է, որ այն հատվածը, որտեղով այժմ անցնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում: «Հնում այս ճանապարհը չի եղել լոկ հաղորդակցման միջոց, այն առևտրի, մշակույթների շփման, գաղափարական պատկերացումների փոխանակման ճանապարհ է եղել։ Մենք բացահայտում ենք Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնում այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով»,- ասում է հնագետը՝ ավելացնելով, որ Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի հարևանությամբ չորս անտիկ քաղաք է գտնվում ՝ Ագարակը, Արուճը, Մաստարան և Բենիամինը։ Այս հատվածներում հայտնաբերված հուշարձանները, մասնավորապես, Ագարակ պատմամշակութային հուշարձանը, Մաստարա հնագիտական համալիրը իրենց չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունեն։

Պարոն Գասպարյանն ընդգծում է, որ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները, շինարարները, ծրագիրը ֆինանսավորող միջազգային կառույցները շատ լավ հասկանում են հնագիտական հուշարձանների արժեքը, և տարիներ շարունակ համագործակցաբար աշխատել են` բացահայտելով ու փրկելով բազմաթիվ արժեքավոր նյութեր:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի երկայնքով հնագիտական պեղումներ են անցկացվել Ագարակի պատմամշակութային արգելոցում, Աղձք-1 դամբարանադաշտում, Արուճի հնագիտական համալիրում, Ագարակի Հելլենիստական քաղաքի ավերակներում, Կաքավաձորի դամբարանադաշտում, Ներքին Բազմաբերդ դամբարանադաշտում, Սասնաշեն հնագիտական համալիրում, Դավթաշեն հնագիտական համալիրում, Կաթնաղբյուր հնագիտական համալիրում, Թալինի դամբարանադաշտում, Փարպիի Ներքին նավեր տեղամասում։ Պեղումների արդյունքում Ներքին Սասնաշենում hայտնաբերվել է նոր հնագիտական վայր։ Ագարակ պատմաշակույթային արգելոցի տարածքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով նախատեսվել և իրականացվում է տվյալ ճանապարհահատվածի նոր նախագծի մշակում:

Տրանշ 3-ի երկայնքով իրականացվել են հնագիտական պեղումներ Եղնասարի հնագիտական համալիրում, Մաստարայի մեծ դամբարանաբլուրում, Մաստարա-1 և Մաստարա-2 հնագիտական համալիրներում, Հայրենյացի միջնադարյան գյուղատեղիում։

Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված անմիջական ազդեցության ենթարկվող հնագիտական հուշարձաններից է Բենիամին հնագիտական համալիրը, որի ազդեցության ենթարկվող հատվածում նախատեսված էին փրկարարական հնագիտական պեղումներ։  2018թ. հունիսին Բենիամին համայնքում տեղի ունեցած հանրային խորհրդակցության արդյունքում հանրության և հնագետների առաջարկով որոշվել է համալիրի վրա ազդեցությունը նվազեցնելու և դեպի համայնք մուտք ապահովվող ճանապարհային հանգույցի տեղը համայնքի բնակչության դիրքորոշմանը համապատասխանեցնելու նպատակով իրականացնել Բենիամինին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի մշակում:

 

 

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել է Գեղարդ տանող ճանապարհը

10-12-2024

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Կկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև

07-12-2024

Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը

04-12-2024

Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։

Կարդալ ավելին