Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ

06-12-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի միանձնյա խորհրդի անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը, դեպարտամենտի այլ աշխատակիցներ, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ. Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Սա պարոն Լելուփի երկրորդ այցելությունն էր Հայաստան ու հանդիպումը շինարարության կողմերի՝ պատվիրատուի‚ կապալառուի և տեխհսկողի հետ։ Նա ծրագրի շրջանակում իրականացնում է մշտադիտարկում‚ համագործակցում կողմերի հետ՝ վիճելի հարցեր ծագելու դեպքում դրանց լուծում տալու նպատակով։
 
Վինսենթ Լելուփի հետ երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվեց նախորդ հանդիպման շրջանակում բարձրացված հարցերի ընթացքը‚ խոսվեց շինարարության ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման մեխանիզմների մասին։ Անդրադարձ եղավ նաև FIDIC պայմանագրերի դրույթներին‚ FIDIC պայմանագրերի համատեքստում կողմերի պարտականություններին‚ խնդիրների լուծման տարբերակներին։ Վինսենթ Լելուփը նշեց‚ որ հարցեր առաջանալու դեպքում ծրագրի պատվիրատուն‚ շինարարը կամ ինժեներն ազատ են դիմել վեճերի միանձնյա խորհրդի անդամին՝ կարծիք‚ խորհրդատվություն ստանալու համար։ Նա պատասխանեց նաև մի շարք հարցերի։
 
Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
 
Պլանավորվեց նաև Վինսենթ Լելուփի հաջորդ այցը‚ որը կկայանա 2024 թվականի մարտին։