Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված տրվել են հստակ հանձնարարականներ

07-03-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։ 
 
Նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով՝ կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհների անցանելիությունն ապահովելու ժամանակավոր լուծում տալ։
 
Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ մինչև ձմեռային շրջանի ավարտը՝ ինտենսիվ սպասարկում պետք է կատարվի։ Նա մեկ անգամ ևս  ցուցում տվեց փոսերը հարթեցնել ավազակոպճային խառնուրդով, ամեն օր, անհրաժեշտության դեպքում նաև օրը մի քանի անգամ այն հարթեցնել, ուշադրություն դարձնել նաև ջրահեռացմանը։
 
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) ինժեներական վերահսկողական խմբի ղեկավար Վաչե Մինասյանը տեղեկացրեց, որ խնդիրն այս ճանապարհի մոտ 2 կմ երկարությամբ 3 հատվածներում է։ 
 
Նա ընդգծեց, որ կապալառու կազմակերպության հետ քննարկվել է խնդիրը, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։
 
Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ հատվածում  ևս հանձնարարվեց մինչև գարնան շինարարական աշխատանքների մեկնարկն աշխատել ուժերի գերլարումով, վտանգավոր փոսերը մշակել կոպճավազային խառնուրդով, ցեմենտի ավելացումով։
 
Նախարարի տեղակալը հանձնարարեց նաև ուշադրության կենտրոնում պահել  անվտանգության խնդիրները, ճանապարհների երկու ծայրերում անհարթության մասին զգուշացնող նշաններ ավելացնել, որպեսզի վարորդները նախապատրաստված լինեն նման ճանապարհով երթևեկությանը։ 
 
Ի դեպ, Վանաձոր - Դիլիջան 30 կմ երկարությամբ  ճանապարհի  20 կմ  հատվածը, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը, ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Բարենպաստ եղանակի դեպքում արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մնացած 10կմ երկարությամբ հատվածը կհիմնանորոգվի հաջորդ տարի։
 
Պարզաբանելով ճանապարհների չափից ավելի քայքայվածության պատճառները՝ Բագրատ Բադալյանը նշեց, որ երկար տարիներ պատշաճ ծավալի հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Դրա պատճառով միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը բավական վատթարացել է։ 
 
«Մեծ ծավալի աշխատանքներ պետք է տանել, որպեսզի ճանապարհները բարելավվեն։ Յուրաքանչյուր 20 տարին մեկ ճանապարհը պետք է հիմնանորոգվի։ Յուրաքանչյուր 8 տարին մեկ պետք է միջին նորոգում կատարվի, ինչը չի արվել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Արդյունքում ճանապարհների որակական մակարդակը բավական նվազել է»,- ասաց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ճանապարհաշինության մասով նախորդ տարիների համեմատ պետբյուջեի հատկացումները բավական  ավելացել են։ Եթե 2017թ. ճանապարհաշինական աշխատանքների համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել էր 6,4 մլրդ դրամ, ապա՝ 2019թ. այն կազմել է 9 մլրդ դրամ։ Բացի այդ, լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ճանապարհների բարեկարգման համար։ Արդյունքում, հետագա տարիներին ավելի քիչ կլինեն խնդիրները, և բավական լուրջ առաջընթաց նկատելի կլինի։
 
Նշենք, որ ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում փոսային նորոգումներ կատարել հնարավոր չէ, քանի որ ճանապարհաշինական նորմերով չի թույլատրվում +5 աստիճանից ցածր եղանակային պայմաններում այդպիսի աշխատանքներ կատարել։ Այսօր Հայաստանում չկա սառը ասֆալտբետոնով փոսային նորոգում կատարելու տեխնոլոգիան, որը հնարավորություն կտար ձմռանը ևս փոսային նորոգումներ իրականացնել։ Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնոլոգիան ներդնելու ուղղությամբ։

 

Վերջին նորությունները

Չափագրումներ՝ միջին նորոգում իրականացնելու նպատակով

22-04-2025

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը

21-04-2025

Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կարդալ ավելին