Գոռ Ավետիսյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն

08-02-2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։
 
Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։
 
Հոգաբարձուների խորհրդի կողմից հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Գոռ Ավետիսյանը։
 
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ նրա ղեկավարմամբ վերջին տարիներին մեծածավալ ծրագրեր են կյանքի կոչվել։
 
Սանոսյանը շնորհավորել է Գոռ Ավետիսյանին և նշել, որ վերջինս մասնագիտությամբ շինարար է, ճանապարհաշինության ոլորտում ունի աշխատանքի երկարամյա փորձ, ինչը միայն կօգնի այս նոր աշխատանքին։
 
Նախարար Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտը տարեցտարի դինամիկ զարգանում է։ 2022 թվականին ոլորտի առջև դրված խնդիրներն էլ ավելի մեծ են, ուստի նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի և նորանշանակ գործադիր տնօրենի համախմբված աշխատանքը, յուրաքանչյուրի նվիրումը գործին։
 
Գոռ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ 2022 թվականին բազմաթիվ ծրագրեր են նախատեսված ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ վարկային ծրագրերով, մեծ անելիքներ կան ճանապարհների ընթացիկ պահպանման ոլորտում, և որպես մեկ թիմ նվիրված աշխատանքով պետք է հաջողությամբ իրականացնեն այդ ծրագրերը։
 

Գոռ Ավետիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 18-ին:

Կրթություն՝

  • 2005-2009թթ.- սովորել է ՀՀ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
  • 2009-2011թթ.- սովորել է ՀՀ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» ֆակուլտետում և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան։
  • 2007-2011թթ.- ՀՀ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ստացել է Սերգեյ Համբարձումյանի անվանական կրթաթոշակ։
  • 2021թ.-ից սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարություն» ֆակուլտետի ճանապարհների և կամուրջների ամբիոնում՝ որպես մագիստրանտ:

Աշխատանքային գործունեություն՝

  • 2007-2008թթ.- ՀՀ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Նյութերի դիմադրության» ամբիոնում՝ լաբորանտ։
  • 2011-2012թթ.- «Լյուդվիգ Պֆայֆեր» գերմանական ընկերությունում` աշխղեկ։
  • 2012-2015թթ.- «Շանթ-Սեյրան» ճանապարհաշինական ընկերությունում` գլխավոր ճարտարագետ։
  • 2012-2018թթ.- «ԱԼ-ՄՍԱՔԱ» ՍՊԸ տնօրեն։
  • 2013թ.- համատեղության կարգով աշխատել է «Հովտաձոր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
  • 2018-2019թթ.- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2019թ. հուլիս-դեկտեմբեր- «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ում՝ որպես հանձնակատար՝ տնօրեն։
  • 2020թ. փետրվար-մայիս- «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
  • 2020թ. մայիսից մինչ 2022թ. փետրվարի 7-ը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական:

Անձնական տվյալներ՝

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

 

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին