Երևանն ընդունեց 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին
08-05-2023
Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Այն կազմակերպել էր Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։
Համաժողովը կայացել է Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից կազմակերպված 6-րդ միջազգային ավտովազքի շրջանակում, որը մեկնարկել էր ապրիլի 25-ին Դուշանբեից՝ անցնելով Մեծ Մետաքսի ճանապարհի հարավային ուղով՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի ճանապարհներով։ Միջոցառմանն աջակցել էին նաև նշված երկրների տրանսպորտի, ոլորտային նախարարություններն ու ճանապարհային գերատեսչությունները։
Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատվիրակներ, ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Հայաստանում գործունեություն ծավալող ճանապարհաշինական, նախագծային կազմակերպությունների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով համաժողովի պատվիրակներին, մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նա հույս հայտնեց, որ միջոցառումն իր ներդրումը կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱՊՀ երկրների ճանապարհային գերատեսչությունների փոխշահավետ համագործակցության հարցում և կդառնա փորձի փոխանակման հարթակ։
Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովը, ողջունելով ներկաներին, կարևորեց և՜ ավտովազքը, և՜ բոլոր 5 երկրներում անցկացված համաժողովները, որոնց ընթացքում քննարկվել են տվյալ երկրների ճանապարհային ոլորտի խնդիրները, անդրադարձել այս բնագավառում նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմանը։ Բուրի Կարիմովը ներկայացրեց միջազգային ավտոարշավների ժամանակ կատարված վերլուծությունների արդյունքները։ Առանձնացվեցին մի շարք խնդիրներ, որոնք, ըստ բանախոսի, ընդհանուր են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար, դրանք են՝ տրանսպորտային հոսքերի ինտենսիվության շեշտակի բարձրացումը, ընդ որում, ինտենսիվության մեծացմանը համարժեք չեն զարգանում ճանապարհային ցանցերը, հիմնական ներդրումները կատարվում են ճանապարհների նորոգման կամ վերակառուցման վրա, մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի ավելի շատ կառուցվեն նոր ճանապարհներ։ Խնդիրների շարքում առանձնացվեցին նաև ճանապարհներին գերբեռնված բեռնատար մեքենաների թվի ավելացումը, ճանապարհների ոչ ժամանակին նորոգումը, երթեւեկության անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։ Ի դեպ, բարձրացված այս բոլոր հարցերի հնարավոր լուծումներին մանրամասն անդրադարձ եղավ համաժողովի օրակարգում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ նման համաժողովները գործարար կապերի հաստատման, ամրապնդման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտի խնդիրների քննարկման մասնագիտական լավագույն ձևաչափն են։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրեց ՀՀ ճանապարհային ցանցը, Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։
Զեկույցներում բանախոսներն արծարծեցին բազմաթիվ թեմաներ՝ նախագծումից, կառուցումից, մինչև ճանապարհների սպասարկում և պահպանում։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ճանապարհների ուսումնասիրության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներին, բարձրլեռնային հատվածներում ճանապարհների նախագծման և կառուցման առանձնահատկություններին, ճանապարհաշինության մեջ կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաներին վերաբերող և այլ հարցեր։
Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին