Գետահովիտ համայնքի ճանապարհի վերականգնումը կնպաստի համայնքի զարգացմանը

08-07-2020

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Գետահովիտ և ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը նկատեց‚ որ շինաշխատանքները կատարվել են բարձր որակով։

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը նշեց‚ որ ճանապարհը կառուցվել է 1980-ական թվականներին‚ որից հետո չէր վերանորոգվել։ Ըստ համայնքապետի՝ ճանապարհի վերականգնումը ոչ միայն կնպաստի համայնքի զարգացմանը‚ բարեկարգմանը‚ այլև զբոսաշրջության խթանմանը։ Հարակից տարածքներում են գտնվում զբոսաշրջային հայտնի վայրեր‚ որտեղ հասնելն առավել կհեշտանա‚ և կավելանան զբոսաշրջային հոսքերը։

Ճանապարհը մեկ տարի շարունակ կգտնվի թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ և այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կվերացվեն կապալառու կազմակերպության կողմից։ Երաշխիքային ժամկետի ավարտից հետո ճանապարհը սպասարկման կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին։

Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայքնի ներկայացուցիչների հետ զրույցներում նշեց‚ որ վերականգնված ճանապարհներին վարորդները պետք է խստագույնս հետևեն երթևեկության կանոններին‚ տեղադրված ճանապարհային նշաններին‚ բարեկարգ ճանապարհով երթևեկելիս չգերազանցեն արագությունը‚ որպեսզի խուսափեն վթարներից։

Նշենք‚ որ Մ4-Գետահովիտ ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին