Քննարկվել են ճանապարհների սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցեր

09-08-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանումն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման աշխատանքների որակին առնչվող հարցեր։ Նշենք, որ հանրապետության 38 տարածաշրջանում ճանապարհների սպասարկման աշխատանքներ են կատարում 34 կապալառու կազմակերպություններ։
 
Նախարար Սանոսյանը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսային նորոգման աշխատանքների, գծանշումների, կողնակների սպասարկման և այլ խնդիրների հետ։ Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել թե՛ նախարարության, թե՛ Ճանապարհային դեպարտամենտի կողմից, և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։
 
Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ-տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ ճանապարհաշինության ծավալների մեծացմամբ պայմանավորված՝ սպասարկող կազմակերպությունների հիմնական մասն այսօր ներգրավված է նաև շինարարական աշխատանքներում, ինչի հետևանքով ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներում նկատվել են թերություններ։ Գոռ Ավետիսյանը հորդորել է ճանապարհները սպասարկողներին բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ ապահովելու համար անվտանգ երթեւեկություն և սպասարկման բարձր որակ, հակառակ դեպքում կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն պայմանագրով սահմանված տույժ-տուգանքներ։
 
Սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հրատապ կերպով առկա թերությունները կշտկվեն, և ամեն ինչ կարվի հետագայում դրանց կրկնությունը բացառելու ուղղությամբ։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին