Քննարկվել են շինարարական նյութերի հատկությունների վերաբերյալ գործող ստանդարտներին ու դրանց կիրառման ընթացակարգերին առնչվող հարցեր

09-09-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն ու հիմնադրամի այլ պատասխանատուներ հանդիպել են նախագծային և նախագծերի փորձաքննություն իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ։ Օրակարգում էին մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ Հանդիպման ու մասնագիտական քննարկման նպատակը ճանապարհաշինական աշխատանքների որակը բարելավելն է, ինչն էլ իր հերթին կնպաստի նորոգված ճանապարհների երկարակեցությանը։
 
Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ճանապարհաշինությունում կիրառվող հիմնական շինարարական նյութերի հատկությունների վերաբերյալ գործող ստանդարտներին ու դրանց կիրառման ընթացակարգերին, շինարարական նյութերի փորձարկման ու որակի հսկման մեթոդներին, ճանապարհաշինական ժամանակակից տեխնոլոգիաներին և այլ հարցերի։
 
Առաջիկա ամիսներին պատվիրվելու են 2026 թվականին հիմնանորոգվելիք ճանապարհների նախագծերը, և Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար Արկադի Չերչինյանը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի նախագծման և նախագծերի փորձաքննության փուլերում աշխատանքները կատարվեն առավելագույն որակով։