Մեկնարկել է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովը

10-11-2021
Այսօր մեկնարկել է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ՏԿԵ նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
 
Համաժողովի նպատակն է քննարկել ճանապարհաշինության բնագավառում նորարարական մոտեցումները և մեթոդները, նորագույն տեխնոլոգիաների դերը ճանապարհային ոլորտում, ոլորտային քաղաքականության մշակման և զարգացման ուղիները և այլն։
 
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է ոլորտի բոլոր դերակատարների հետ՝ գիտությունից, նախագծումից մինչև բուն շինարարական աշխատանք, համատեղ քննարկումների անցկացումը, ինչը հնարավորություն կտա հարցերն ավելի խորքային ու համապարփակ քննարկել։ Նախարարը հույս է հայտնել, որ աշխատաժողովը կդառնա արդյունավետ հարթակ՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների, նորարարությունների ներդրման հնարավորությունները քննարկելու, ճանապարհաշինական նոր ուղղությունները ուղենշելու համար։ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին աջակցության համար և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։
 
ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Պաուլո Սպանտիգատին ողջույնի խոսքում կարևորել է նմանատիպ քննարկումները, նշել, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ տարիներ շարունակ տրանսպորտի ոլորտի տարբեր ծրագրեր է իրականացրել, որտեղ կարևորել է նոր մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը համաժողովի կազմակերպման համար և ակնկալել, որ երկու օրերի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն օրակարգի հարցերի շուրջ։
 
Համաժողովը բաղկացած է հինգ հիմնական նիստերից՝ «Տրանսպորտի ոլորտի զարգացումը։ Ճանապարհային ենթակառուցվածք», «Ապագա ճանապարհաշինություն, նոր մեթոդներ և մոտեցումներ», «Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում», «Նոր տեխնոլոգիաներ», «Կանաչ ենթակառուցվածք. էկոլոգիական նյութերի կիրառում» թեմաներով։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո տեղի է ունենում պանելային քննարկում, որի ընթացքում արծարծվում են նիստի ընթացքում ներկայացված շնորհանդեսների թեմաները, և քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիրքորոշումը ներկայացված թեմաների վերաբերյալ։
 
Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ այս քննարկումները կօգնեն հասկանալու, թե ինչպես է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտն արձագանքելու նորարարություններին, և ինչ նոր տեխնոլոգիաներ կարելի է կիրառել Հայաստանում։ Փոխնախարարի խոսքով՝ թե՛ ճանապարհային ոլորտի առաջիկա ռազմավարության մեջ և թե՛ կառավարության գործունեության ծրագրում բավարար տեղ է հատկացված նորարարություններին, որոնց նպատակը շինարարական նոր մեթոդների ու լուծումների կիրառման միջոցով ճանապարհային ցանցի մրցունակության և անվտանգության բարձրացումն է։
 
Օրվա ընթացքում մասնագետներն անդրադարձան նորարարություններում գիտության դերին, ճանապարհային ենթակառուցվածքի նորմատիվ բազային, Հայաստանում կամուրջների նախագծային խնդիրներին և բազմաթիվ այլ հարցերի։
 
Համաժողովին մասնակցում են ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Քաղաքաշինության կոմիտեի, «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Շինարարության միության ներկայացուցիչներ։ ԱԶԲ, արտասահմանյան այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ համաժողովին մասնակցում են հեռավար։

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին