Ծաղկաձորը կունենա բարեկարգ փողոցներ

11-08-2023
Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր Հ-55 հանրապետական նշանակության ավտոճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Ծաղկաձորի մարզահամալիրի մոտից արդեն իրականացվում է ասֆալտապատում։ 10.5կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր տիպի աշխատանքներ՝ մայթերի, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։
 
Ճանապարհաշինությունն իրականացնող «Շինպլյուս» ՍՊԸ-ի աշխղեկ Արման Իգիթխանյանը նշում է, որ անում են առավելագույնը շինարարության ընթացքում բնակչությունը քիչ անհանգստություն պատճառելու համար։ Ըստ նրա՝ ճանապարհաշինության սեզոնը հենց ամռանն է, երբ տեղումներ չկան, օդի ջերմաստիճանն էլ ներում է համապատասխան աշխատանքներ իրականացնել, ուստի այլ սեզոնին աշխատելու այլընտրանք չկար։ Աշխղեկն ասում է, որ հիմնանորոգման արդյունքում ստանալու են եռաշերտ ասֆալտբետոնե ծածկով ճանապարհ, ինչը երկար կծառայի Ծաղկաձորի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ Արման Իգիթխանյանի խոսքով՝ Ծաղկաձորն իր պատմության մեջ նման ճանապարհ չի ունեցել։ Ծաղկաձորցիներն էլ, ըստ աշխղեկի, գոհ են կատարվող շինարարությունից, կատակում է՝ իրենց տեխհսկող էլ պետք չէ, քանի որ տեխհսկողությունը հենց բնակիչներն են կատարում։
 
Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ընկերության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, որ զրույցի պահին դիտարկում էր ասֆալտապատման գործընթացը, նշեց, որ աշխատանքները բարձր որակով են արվում, ըստ նախագծի և համապատասխանում են շիննորմերին։
 
Ծաղկաձորի բնակիչներն էլ թեև նկատում են, որ որոշակի անհանգստություններ այս պահին կրում են, սակայն շուտով կունենան բարեկարգ, գեղեցիկ փողոցներ, ինչը խիստ անհրաժեշտ է իրենց զբոսաշրջային քաղաքին։ Նրանք նաև շեշտում են, որ նման ծավալի ճանապարհաշինություն Ծաղկաձորում չեն հիշում։
 
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Միջին նորոգման աշխատանքներ՝ Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհին

27-09-2023

Նորոգվող ճանապարհը մոտ 28.2կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Ֆանտանով անցնող ճանապարհը

26-09-2023

Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը

26-09-2023

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Կարդալ ավելին