Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

12-02-2020

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրն ունի սոցիալական բաղադրիչ. այն նպաստում է հանրապետության մարզերի բազմաթիվ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը‚ ծրագրից օգտվում են տասնյակ հազարավոր շահառուներ։ Մասնավորապես‚ միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

Ինչպես նշում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մասնագետ Շուշան Քուրքչիյանը‚ ճանապարհի վերականգնման ամբողջ փուլում ծրագրի պատվիրատուները‚ կապալառուներն ու տեխնիկական վերահսկողը սերտորեն համագործակցում են համայնքային բնակչության հետ։ «Համայնքների հետ կապը ստեղծվում է նախագծման փուլում, երբ նախագծողները ծրագրի պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելում են համայնք, ճանապարհի վերականգնման նախագիծը քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, տեղում կատարում են ճանապարհի մանրամասն զննում: Ճանապարհի վերականգնման նախագծի նախնական տարբերակը ներկայացվում է համայնքներում հանրային իրազեկման հանդիպումների ընթացքում‚ և արձանագրվում են բոլոր խնդրանքներն ու առաջարկները՝ հնարավորության դեպքում վերջնական նախագծի շրջանակներում դրանց անդրադառնալու համար: Շահառուներին տրամադրվում են տեղեկատվական թերթիկներ: Բացի այդ‚ կապալառուի և պատվիրատուի կոնտակտային տվյալները զետեղվում են նաև վերականգնվող ճանապարհահատվածների սկզբում և վերջում տեղադրվող տեղեկատվական պաստառների վրա՝ բոլոր կողմերի արդյունավետ հաղորդակցմանը նպաստելու նպատակով»‚- ասաց Շուշան Քուրքչիյանը՝ ավելացնելով‚ որ կապը բնակչության հետ պահպանվում է նաև ճանապարհի վերականգնման ամբողջ ընթացքում‚ իսկ հանդիպումներ համայնքների բնակիչների հետ իրականացվում են նաև շինարարական աշխատանքների ավարտից հետ։

Սոցիալական ազդեցությունները գնահատելու նպատակով Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի յուրաքանչյուր տարվա ճանապարհահատվածների վերականգնումից առաջ և հետո կատարվում է սոցիալ-տնտեսական հետազոտություն։ Թե՜ բարեկարգման աշխատանքներից առաջ, թե՜ ավարտից հետո հավաքագրվում և վերլուծվում են շահառու համայնքների բնակչության, փոքր ձեռնարկությունների և այլ միավորների տվյալները: Ըստ Շուշան Քուրքչիյանի՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել‚ որ ծրագրի իրականացման արդյունքում ավտոմեքենայով կամ ավտոբուսով երթևեկության վրա ծախսվող միջին ժամանակը ճանապարհների բարեկարգումից հետո զգալիորեն կրճատվում է: Նվազում են ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը: Բարելավվում է տարբեր հաստատություններից օգտվելու հաճախականությունը և հարմարավետությունը։ Մասնավորապես‚ բարելավվում է կրթօջախների‚ բուժհաստատությունների հասանելիություն: Վատ եղանակային պայմաններում ճանապարհների օգտագործման հետ կապված խնդիրները նույնպես նվազում են: Աշխատանքները նպաստում են համայնքից բերքի արտահանմանը և վաճառքին, շուկաների հասանելիությանը: Աճում է նաև բերքը համայնքից դուրս վաճառող այն գյուղացիների մասնաբաժինը, որոնք նախատեսում էին ընդլայնել վաճառքի ծավալները, քանի որ բարեկարգված ճանապարհները թույլ են տալիս ավելի հեռու գտնվող շուկաներ հասնել:

 

 

Վերջին նորությունները

Կկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև

07-12-2024

Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը

04-12-2024

Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։

Կարդալ ավելին

Միջին նորոգման աշխատանքներ` Հ-64, /Հ-36/ (Բերդ) -Արծվաբերդ-Չինարի ճանապարհին

03-12-2024

Շինարարությունը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կարդալ ավելին