Հանդիպում ԵՆԲ պատվիրակության հետ

12-07-2024
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ՝ Ռաֆալ Ռիբացկիի գլխավորությամբ։
 
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակին և առաջիկա գործողություններին։ Նշենք, որ ԵՆԲ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ ֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի 24.25կմ երկարությամբ հարավային ենթահատվածի կառուցումը։ Այդ նպատակով նախատեսվում է ԵՆԲ-ից ներգրավել 137 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ։ Այս համատեքստում արծարծվել են վարկային համաձայնագրի ստորագրման ընթացակարգերին, ժամկետներին, ծրագրի իրականացման փուլերին առնչվող մի շարք հարցեր։
 
ԵՆԲ պատվիրակների հետ այնուհետև քննարկվել է Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհի կառուցման ընթացքը, որն ավարտական փուլում է, և Տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Նշենք, որ Գյումրու շրջանցիկ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար, որը հաստատվել է, և նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը։
 
Անդրադարձ է եղել նաև հեղեղումների հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհի փլուզված հատվածների վերականգնման խնդրին։ Կողմերը քննարկել են ճանապարհի վերականգնման հարցում ԵՆԲ-ի կողմից հնարավոր աջակցության սցենարները։ Նշվել է, որ կլիմայական փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում ճանապարհային ենթակառուցվածքների վրա։ Եվ ընդգծվել է, որ վերականգնման շրջանակներում նախագծեր կազմելիս պետք է հաշվի առնվեն նաև այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ կլիմայի փոփոխության հետևանքով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին