Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված թեմաներ

Երեկ ավարտվել են «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովի աշխատանքները։
Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ակտիվների կառավարմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ճանապարհային անվտանգության միջազգային հեռանկարներին, ասֆալտապատ ծածկերի համար էկոկայուն լուծումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Թեմատիկ յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոլորտային պատասխանատուներ, փորձագետներ ներկայացրել են տվյալ ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը, առաջարկել նոր մոտեցումներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքներում շատ կարևոր է արդյունավետությունն ու ծախսարդյունավետ լուծումների կիրառումը։ Ըստ նրա՝ նորագույն տեխնոլոգիաները, տվյալների վերլուծությունները պետք է դրվեն կայացվող որոշումների հիմքում։
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, անդրադառնալով ճանապարհների և ենթակառուցվածքների նախագծման և կառուցման մեջ սկաներային համակարգերի կիրառման թեմային, նշեց, որ ԽՍՀՄ տարիներից հետո մեզ չեն հասել Հայաստանի ճանապարհային ցանցի անձնագրավորման տվյալները։ Այսօր աշխատանքներ են տարվում այդ տվյալների թվայնացման և անձնագրավորված ճանապարհային ցանց ունենալու ուղղությամբ։ Պարոն Մաչյանը կարևորեց ոչ միայն տեղեկատվության հավաքագրումը, այլև ինֆորմացիայի մշակման գործընթացը, որպեսզի լիազոր ու իրականացնող մարմինները հնարավորություն ունենան այդ տվյալներն օգտագործել որոշումների կայացման ժամանակ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պանելային քննարկման ընթացքում շեշտեց, որ ճանապարհային ոլորտում այն խնդիրները, որոնք կապված են թվայնացման, տեխնոլոգիաների ներդրման հետ, պատկերացնելի են։ «Հայաստանն իր տեխնոլոգիական ներուժով ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի մասնակցի համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրների լուծմանը»,- ասաց փոխնախարարը՝ առանձնացնելով նաև միջգերատեսչական քննարկումների անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում կարևորվեց ենթակառուցվածքների զարգացման գործում էկոլոգիական նյութերի կիրառումը։ Ասիական զարգացման բանկի Կենտորոնական և Արևմտյան Ասիայի վարչության շրջակա միջավայրի մասնագետ Արմինե Եդիգարյանը, մասնավորապես, նշեց, որ շինարարությունն այն ոլորտն է, որը սպառում է ռեսուրսներ՝ ավազ, խիճ, քար և այլն։ Տիկին Եդիգարյանն ընդգծեց, որ մասնավոր ու պետական սեկտորները պետք է համագործակցեն, որպեսզի ուղիներ գտնեն բնական ռեսուրսները քիչ սպառելու համար։ Նա շեշտեց ռեսուրսների խնայողության երկու ճանապարհ՝ տեխնիկական մասնագրերում ներառել հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելու վերաբերյալ պահանջ և գնումների գործընթացում քիչ ռեսուրսներ օգտագործող կազմակերպության առաջարկին ավելի բարձր բալեր հավաքելու հնարավորություն տալ։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշեց, որ Ճանապարհային դեպարտամենտը՝ որպես խոշոր ենթակառուցվածքներում ծրագրեր իրականացնող մարմին, կարևորում է օգտագործված նյութերի վերամշակումն ու աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում ավելի շատ է կիրառվում ասֆալտի սառը վերամշակման տեխնոլոգիան. 2021թ. ճանապարհաշինական աշխատանքների մոտ 65%-ը պատվիրվել է հենց այդ տեխնոլոգիայով։ Ըստ պարոն Մաչյանի՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, նյութերի ավելի ռացիոնալ կիրառումը կբերեն կանաչ տնտեսության զարգացմանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը բարձր գնահատեց «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» համաժողովի աշխատանքները։ Նա նշեց, որ նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է. «Հայաստանում առաջին անգամ է ոլորտային նման քննարկում կազմակերպվում, որտեղ ներգրավված են գիտահետազոտական, կրթական-ակադեմիական, պետական, մասնավոր, հասարակական հատվածների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մասնագետները փոխանակում են մտքեր, տեսակետներ ներկայացնում, բանավիճում, ինչի արդյունքում կարող են լուծումներ գտնել, որոշումներ կայացնել և ներկայացնել կառավարման մարմիններին՝ կիրառության համար»։
Հիշեցնենք, որ «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողովը կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին