Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի վերակառուցման աշխատանքների ընթացքին

13-07-2021
ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3՝ հետեւելով Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքների ընթացքին։
 
Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից ճանապարհահատվածում։ Այստեղ երկշերտ ասֆալտապատումից հետո ճանապարհը մի ուղղությամբ բացվել է երթևեկության համար։
 
ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ:
 
 ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի մի ուղղությամբ շուրջ 50 կմ երկշերտ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթևեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. վերջին։ Ասֆալտի երրորդ շերտը կտեղադրվի ճանապարհը շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։
 
ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շինաշխատանքների որակին և տեմպերին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը նախատեսված ժամկետներում կավարտի մի ուղղությամբ 50 կմ-ի ասֆալտապատումը, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երևան-Գյումրի երթևեկությունը։
 
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ-2-ում շինարարությունը շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր։
 
ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, և նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել շինարարության միջազգային մրացույթ։ Կարևորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով ֆինանսավարման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։
 
«Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ՝ ինչպես, ինչ մեխանիզմով, ապա ըստ այդմ կատարել մեր հետագա քայլերը։ Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

 

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին