Հանդիպում ամառային դպրոցի սաների հետ

14-07-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիպել են IRD Engineering (Իտալիա) ընկերության կողմից կազմակերպված «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաների հետ։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են հանրապետությունում իրականացվող ճանապարհային ծրագրերը։
 
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով ամառային դպրոցի սաներին, ընդգծեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր համար հարազատ վայր է, որտեղ ինքն ուսանել է, 2007 թվականին կատարել աշխատանքային առաջին քայլերը որպես լաբորանտ։ Համալսարանը, ըստ պարոն Ավետիսյանի, ամուր հիմքեր է դրել իր հետագա գործունեության համար։
 
Անդրադառնալով Հայաստանում ընթացող ճանապարհաշինական ծրագրերին՝ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը ներկայացրեց պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը՝ հիմնանորոգում, միջին նորոգում, ինչպես նաև խոսեց ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների մասին։ Նա նշեց, որ եթե նախկինում ճանապարհների նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տարեկան հատկացվում էր ընդամենը 7-8 միլիարդ դրամ, ապա 2018 թվականից հատկացումները ոլորտին էապես ավելացան՝ 2022 թվականին հասնելով մոտ 68 միլիարդ դրամի։ Չորս տարիների ընթացքում ճանապարհաշինության ոլորտին պետական բյուջեից հատկացումներն ավելացել են գրեթե 10 անգամ։
 
Պարոն Ավետիսյանը շեշտեց, որ ոլորտն ունի կարողությունների, մասնագետների խնդիր։ Աշխատանքների ծավալի ավելացմանը զուգընթաց աճեց նաև ռեսուրների ու ամենատարբեր որակավորում ունեցող մասնագետների պահանջը։ Այդ պահանջը բավարարելու նպատակով իրականացվում են տարբեր ծրագրեր միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցաբար։
 
Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ ճանապարհաշինությունը բարձր վարձատրվող աշխատանք է, և կոչ արեց երիտասարդներին լավագույնս օգտագործել ուսանողական տարիները, կուտակել գիտելիքներ ու հմտություններ՝ լավ մասնագետ դառնալու համար։
 
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրեց Հայաստանում միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով կատարվող ճանապարհաշինական ծրագրերը։
 
Հյուրերը պատասխանեցին նաև ամառային դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ճանապարհային անվտանգության խնդիրներին, ճանապարհների ազդեցությանը տնտեսության զարգացման վրա և այլն։
 
Տեղեկացնենք, որ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի ուսանողները երեք շաբաթների ընթացքում կունկնդրեն տեղի անվանի մասնագետների, արտասահմանյան փորձագետների դասախոսությունները, ձեռք կբերեն կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերահսկողության, նախագծման կատարման ոլորտներում, պրակտիկ դասընթացներ կանցնեն նաև շինհրապարակներում։

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին