Երիտասարդ ինժեներները ծանոթանում են ճանապարհաշինության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին

16-07-2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում վեցամսյա վճարովի պրակտիկա-ստաժավորում անցնող երիտասարդ մասնագետները ծանոթանում են ճանապարհաշինության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին։
«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման տեխնոլոգիան։ Նշենք, որ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերությունը տեխնիկական հսկողություն է իրականացնում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը, կարևորեց երիտասարդ մասնագետների հանդիպումները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ճանապարհաշինության ոլորտում մեծ փորձ ունեցող ինժեներների հետ։ Ըստ նրա՝ այդ հանդիպումների ու զրույցների ընթացքում հնարավոր է մասնագիտական տեղեկություններ ու գիտելիքներ կուտակել, ինչը հետագայում կօգտագործվի աշխատանքային պրոցեսում։ Պարոն Զուլալյանը նաև ընդգծեց, որ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, և պետք է հետևել ճանապարհաշինության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, աշխատել լավագույն փորձը ներդնել նաև Հայաստանում։
Կնուտ Մյուլլերը հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ ասֆալտի սառը եղանակով վերամշակման տեխնոլոգիան ստեղծվել է Գերմանիայում, և շատ երկրների ճանապարհաշինության ոլորտում այն լայնորեն կիրառվում է։ Մեր երկրում այս մեթոդը կիրառվում է մոտ տասը տարի տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից։ Պարոն Մյուլլերը տեսանյութերի միջոցով մանրամասն ներկայացրեց ճանապարհի պատվածքի սառը վերամշակման տեխնոլոգիան՝ բացատրելով դրա բոլոր փուլերը, նա խոսեց ասֆալտի սառը վերամշակման համար օգտագործվող տեխնիկայի և տարբեր երկրներում նշված մեթոդի կիրառման փորձի մասին։ Ըստ Կնուտ Մյուլլերի՝ այս տեխնոլոգիան առավել մատչելի է, ավելի քիչ ժամանակ է պահանջվում ճանապարհի վերանորոգման համար և այլն։
Տեսական դասընթացին հաջորդեց գործնական փուլը։ Հաջորդ օրը Ճանապարհային դեպարտամենտում ստաժավորում անցնող երիտասարդ ինժեներներն այցելեցին Մ-4, Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհ, որտեղ վերականգնման աշխատանքներում կիրառվում է պատվածքի վերաօգտագործման սառը մշակման եղանակը։ Շինաշխատանքներն իրականացնող «Ճանապարհ» ՍՊԸ-ի և «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության աշխատակիցները շինհրապարակում ներկայացրին, թե ինչպես է իրականում կատարվում ասֆալտի սառը վերամշակումը և պատվածքի տեղադրումը։ Դասընթացի և՜ տեսական, և՜ գործնական փուլերում դասընթացավարները պատասխանեցին երիտասարդ ինժեներներին հետաքրքրող հարցերին։
Ճանապարհային դեպարտամենտում պրակտիկա-ստաժավորում է անցնում նաև Կարինե Հակոբյանը։ Նա անցած տարի է ավարտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Կարինեն նշում է, որ նախկինում լսել էր ասֆալտի սառը վերամշակման մասին, սակայն մասնագետների ներկայացումից հետո տեխնոլոգիական պրոցեսն ավելի պարզ դարձավ։ Նա կարևորում է փորձառու մասնագետների կողմից գործնական հմտությունների փոխանցումն իրենց, ինչն օգնում է ամրապնդել այն գիտելիքները, որ ստացել են ուսումնառության ընթացքում։
Տեղեկացնենք, որ երիտասարդ մասնագետների վեցամսյա պրակտիկա-ստաժավորումը իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին