Մասնակցություն միջազգային համաժողովի

17-06-2024
Հունիսի 12-ից 13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շինարարական ֆորումը, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդատու ինժեներների ասոցիացիայի կողմից։ Համաժողովին մասնակցում էին տարածաշրջանի FIDIC անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները, FIDIC պայմանագրերով աշխատող պետական կառույցների, միջազգային ֆինանսական‚ խորհրդատվական և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև վեճերի լուծման խորհրդի անդամներ FIDIC նախագահների ցանկից և միջազգային իրավաբաններ շինարարության ոլորտից։
 
Ֆորումի ընթացքում ներկայացվել են տարբեր երկրների հաջողված փորձը, ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, փոխանակվել են կարծիքներ, քննարկվել համատեղ նախաձեռնություններ։
 
Համաժողովի ընթացքում ՀՀ-ում իրականացվող FIDIC պայմանագրերի կիրառմամբ ծրագրերը ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, իսկ նախագծերի կառավարման, ճիշտ հաղորդակցության դերի և նշանակության, ինչպես նաև շինարարության ոլորտում կանանց դերի մասին պանելային քննարկմանը մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պայմանագրերի կառավարման համակարգող Շուշանիկ Գրիգորյանը նույն միջոցառման շրջանակներում մասնակցել է հունիսի 10-ից 11-ը անցկացված FIDIC պայմանագրերի կառավարման դասընթացին՝ ստանալով համապատասխան որակավորման վկայական։
 
Ֆորումին կազմակերպչական մասով աջակցում էր նաև Հայաստանի ինժեներների FIDIC ասոցիացիան՝ Innovative Engineering iNGO-ն, որի նախագահն է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Տաթևիկ Ասատրյանը։ Վերջինս համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ասոցիացիայի անելիքները ոլորտում, պետական կառույցների հետ համագործակցության կարևորությունը և առկա խնդիրները։