Հանրային լսումներ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

17-09-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով Արագածոտնի մարզի Ագարակ‚ Աղձք և Ոսկեվազ համայնքների շահառուների մասնակցությամբ տեղի են ունեցել հանրային քննարկումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի (8 կմ) կառուցման Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։

Բնապահպանության հարցերով խորհրդատու Վիկտոր Բախտամյանը շահառու բնակիչներին ներկայացրել է‚ թե ինչ աշխատանքներ են իրականացվել Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը պատրաստելիս։ Խորհրդատուն‚ մասնավորապես‚ նկատեց‚ որ մինչ հայտի պատրաստումը կատարվել է նախկինում արված աշխատանքների տվյալների հավաքագրում և վերլուծություն։ Նշված 8 կմ ճանապարհահատվածի նախագիծն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթաց և ստացել է դրական եզրակացություն։ Նախագծում կատարվել է պատվածքի փոփոխություն. բետոնե պատվածքը փոխարինվել է ասֆալտային ծածկով։ Հիշեցնենք‚ որ նշյալ 8 կմ հատվածում իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխություն՝ տարածքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։

Մասնագետների կողմից կատարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունների հնարավոր ռիսկերի գնահատում։ Ըստ Վիկտոր Բախտամյանի՝ ազդեցությունների ռիսկերի գնահատման արդյունքում եկել են եզրակացության‚ որ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական որոշակի դրական ազդեցություն կգրանցվի։ Ենթադրվում է‚ որ համայնքի բնակչությունը ներգրավված կլինի շինարարական գործընթացներում։ Ունենալով բարեկարգ ճանապարհ՝ ճանապարհային փոխադրումներն ավելի դյուրին կլինեն։

Բացասական բնապահպանական ազդեցությունների մասին խոսելով՝ նշվեց‚ որ հնարավոր են որոշակի ազդեցություններ շինարարության ընթացքում‚ չեն բացառվում‚ որ կլինի  ներգործություն կենսաբազմազանության վրա։ Արտանետումներին կամ աղմուկին անդրադառնալիս բանախոսը նկատեց‚ որ շինարարությունը բնակավայրերից բավականին հեռու է ընթանալու‚ և բնակչության ու համայնքի տարածքի վրա ազդեցություններ չեն լինի։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնական վերանայման փուլում ներկայացվելու են ռիսկերը կանխարգելող‚ նվազեցնող համապատասխան միջոցառումներ‚ որպեսզի ազդեցությունները բացառվեն կամ հասցվեն նվազագույնի։ Անդրադարձ եղավ նաև շինաղբի հեռացման թեմային‚ նշվեց‚ որ այդ հարցը կառավարելի է։

Խորհրդատուն պատասխանեց նաև շահառուների հարցերին‚ որոնք‚ սակայն‚ առավելապես վերաբերում էին հողերի օտարման թեմաներին։ Բնակչությունը տեղեկացվեց‚ որ այդ հարցերով ևս համապատասխան մասնագետները կկազմակերպեն հանրային իրազեկման հանդիպումներ ու կպատասխանեն շահառուներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին