Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը։ Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ վերականգնվում են կենսական նշանակության ճանապարհներ, սոցիալական նշանակություն ունեցող հանրային օբյեկտների հարակից տարածքներն ապահովվում են ճանապարհային անվտանգության տարրերով, տեղադրվում են արհեստական անհարթություններ, ճանապարհային նշաններ, գծանշվում են հետիոտնային անցումներ։ Այս միջոցառումները կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքներում։ Երթևեկության կարգավորման միջոցառումները համակցվում են համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ։

Արարատի մարզի Աբովյան համայնքով անցնող 1,3 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհը վերականգնվել է 2018 թվականին։ Վերանորոգվել է նաև համայնքի դպրոց տանող ճանապարհահատվածը, ապահովվել կրթօջախ հաճախող 177 աշակերտների անվտանգությունը։

Աբովյան համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանն ասում է, որ դպրոց տանող ճանապարհն ասֆալտապատելուց, երթևեկության կանոնների նշանները տեղադրելուց, մայթերը կառուցելուց հետո ծնողները, երեխաները քայլում են մայթերով, ճանապարհն անցնում են գծանշված հատվածներով, հետևում ճանապարհային երթևեկության կանոններին։ «Այս ամենն անվտանգ երթևեկության հետ կապված կարևորագույն խնդիրներ է լուծում։ 50 տարի ճանապարհը չէր վերանորոգվել, քայլում էինք ցեխերի, քարերի միջով, իսկ հիմա մեր համայնք մտնողը զարմացած ասում է՝ կարծես քաղաքատիպ ավանում լինեն»,- նշում է համայնքապետը։

Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Ավետիսյանը նկատում է, որ վերանորոգված ճանապարհով ավելի հաճույքով են դպրոց հաճախում։

Տարրական դասարանների ուսուցչուհի Ալվարդ Ավագյանն էլ նշում է, որ նախկինում երեխաները ճանապարհի ցեխն իրենց հետ բերում էին կրթօջախ, այժմ, սակայն, բարեկարգ ճանապարհն իրենց ազատել է այդ խնդրից. «Ամեն ինչ արվել է, որպեսզի երեխաներն անվտանգ տեղ հասնեն։ Ճանապարհի վերականգնումը, ճանապարհային նշանների տեղադրումը նպաստեց, որպեսզի երեխաներն ավելի լավ յուրացնեն ճանապարհային նշանների նշանակությունը»։

Տեղեկացնենք, որ մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ

05-06-2026

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։

Կարդալ ավելին

Տեղադրվում են կամուրջների հեծանները

04-06-2026

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը

02-06-2026

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։

Կարդալ ավելին