Ճանապարհային անվտանգության բարելավում նույնիսկ ամենաերիտասարդ հայաստանցիների համար

19-05-2021

Ճանապարհային պատահարները «լուռ համաճարակ» են, որն ամեն տարի ավելի քան 1 միլիոն մարդու կյանք է խլում ողջ աշխարհում՝ հատկապես անդառնալի հետևանքներ ունենալով երեխաների և ապագա սերնդի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, յուրաքանչյուր ութերորդ րոպեում աշխարհի ինչ-որ մասում ավտոպատահարի հետևանքով երեխա է զոհվում։ Ըստ էության, 5-ից 25 տարեկան երեխաների ու երիտասարդների մահվան ու հաշմանդամության հիմնական պատճառը ճանապարհային վթարների հետևանքով ստացած վնասվածքներն են։

Թեև ավելի ապահով ճանապարհային ենթակառուցվածքն ու ավելի անվտանգ տրանսպորտային միջոցները կարևոր նշանակություն ունեն ճանապարհային անվտանգության ճգնաժամը հաղթահարելու հարցում, սակայն դրանք խնդրի միայն մի մասն են։ Կրթությունը նույնպես կարևոր է հատկապես երեխաների ու երիտասարդների պարագայում, և անվտանգության տարրական հմտությունները նրանց պետք է ուսուցանվեն կյանքի հնարավորինս վաղ շրջանում։ Ոչ մի երեխա չպետք է զրկվի կյանքից կամ լուրջ վնասվածք ստանա զբոսնելիս, խաղալիս, հեծանիվ վարելիս կամ դպրոց գնալիս։

Երբ խոսքը վերաբերում է ճանապարհային անվտանգության խնդիրներին, Հայաստանը բացառություն չէ։ Մոտավորապես 3 միլիոն բնակչության պարագայում՝ ճանապարհային պատահարների հետևանքով մահացության ցուցանիշը բարձր է՝ 9․4 մահ յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով, և այստեղ խոցելի են հատկապես երեխաները։ 2019 թվականին ավտոճանապարհային պատահարներից մահացության ցուցանիշն երկու անգամ գերազանցել է Եվրոպական միության (ԵՄ) միջինը, իսկ դրանց սոցիալ-տնտեսական հետևանքներն, ըստ գնահատականների, կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 5․7 տոկոսը (Համաշխարհային բանկ, 2019)՝ կորուստ, որը երկիրն իրեն չի կարող թույլ տալ։

Ճանապարհային պատահարներից մահացությունն յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով, Արևելյան գործընկերության (ԱլԳ) և ԵՄ երկրների համեմատություն, 2019 թ․

 

 

 
 
 
 

Երեխաները ճանապարհային անվտանգության հետ կապված վտանգների են առերեսվում փոքրամարմին լինելու, ավելի դանդաղ ռեֆլեքսներ ունենալու, ճանապարհի վիճակն ավելի վատ գնահատելու, ցածր տեսանելիության և ֆիզիկական ու ճանաչողական այլ սահմանափակումների պատճառով։  Ինչպես բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի նախագծում հասցեագրված չեն ռիսկի այս գործոնները կամ երեխաների տեղաշարժման կարիքները, ինչի հետևանքով վերջիններս հատկապես շատ տուժում են ավտոմոբիլային երթևեկությունից։

Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային բանկն այժմ աշխատում են առկա իրավիճակը փոխելու ուղղությամբ՝ դա իրականացնելով Բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի  (ԿՆՃՑԲ) միջոցով, որն աջակցում է երկրի վատթար վիճակում գտնվող 395 կիլոմետր գյուղական ճանապարհների հիմնանորոգմանն ու արդիականացմանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Ճանապարհային դեպարտամենտի հետ համատեղ, և ներառում է ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Օրինակ, փորձարկվում է «անվտանգ գյուղ» նորարար գաղափարը, որը նախատեսում է գյուղական դպրոցների մերձակայքում ճանապարհային անվտանգության ինժեներական լուծումների բարելավում։ Սա ենթադրում է երթևեկության անվտանգության կոնկրետ բաղադրիչների կառուցում, այդ թվում՝ արհեստական ճանապարհային անհարթություններ և բարձր հետիոտնային անցումներ, հետիոտնային արահետներ, ճաղավանդակներ/ցանկապատներ, ավտոբուսային կանգառ-տաղավարներ, և համապատասխան երթևեկության նշանների տեղադրում ու նշագրում։ Նախատեսվում է ճանապարհների արդիականացման այս ծրագրում ընդգրկված համայնքներում բնակվող դպրոցահասակ երեխաների պարտադիր ուսուցում ճանապարհային անվտանգության թեմայով։ Դասընթացը նախատեսում է հանդիպումներ ուսուցիչների, դպրոցների տնօրենների, ծնողների և համայնքի ներկայացուցիչների հետ՝ բոլոր տարիքի երեխաներին ճանապարհային անվտանգության թեմաներով կրթելու մեթոդները ներկայացնելու և այդ դասընթացները հաճախակի անցկացնելու կարևորությունը շեշտելու նպատակով։ Այս կերպ ուսուցիչները կկարողանան կրթել երեխաներին՝ նրանց տալով կենսական ուղերձներ ու հմտություններ դեռևս փոքր տարիքից։

Այս պահի դրությամբ 23 համայնքային դպրոցներ օգտվել են ճանապարհային անվտանգության ծրագրից․ Կոտայքի և Արարատի մարզերում մոտավորապես 900 աշակերտ ստացել է այս կրթությունը։ Ծրագրի շրջանակներում ուսուցում կանցնեն 85 համայնքների երեխաներ։ Այս աշխատանքներն իրականացնելիս կիրառվելու են տարիքին համապատասխան ինտերակտիվ ուսուցման գործիքներ, օրինակ՝ ավագ դպրոցի աշակերտներն ինտերակտիվ թեստեր կլրացնեն բջջային հեռախոսներով, իսկ տարրական դասարանների աշակերտները գիտելիքներ կստանան զվարճալի ինտերակտիվ խաղերի ու գունազարդ գրքույկների միջոցով։

«Ճանապարհային անվտանգության սկզբունքների վերաբերյալ երեխաների գիտելիքն ու փորձն ամրապնդվում է այսպիսի գործնական ու փոխգործուն վարժությունների ու նյութերի միջոցով», նշել է Կոտայքի մարզի Կարենիսի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աննա Գորգյանը։ Տկն․ Գորգյանը նշել է, որ չնայած հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում տեղադրվել են նոր ճանապարհային նշաններ, սակայն գյուղի վարորդներն ու հետիոտները միշտ չէ, որ ուշադրություն են դարձնում դրանց։ Դասընթացներն օգնել են փոխել մարդկանց մտածելակերպն ու վարքը՝ ձևավորելով վաղ տարիքից երթևեկության կանոններին խստորեն հետևելու մշակույթ։

Կարենիսի դպրոցի երրորդ դասարանի աշակերտ Վարազդատ Ավետիսյանը ժպտալով ասում է․ «Ես չգիտեի, որ ուշ ժամերին, երբ դրսում մութ է, հետիոտները պետք է բաց գույնի հագուստ կրեն, որպեսզի ճանապարհը հատելիս տեսանելի լինեն վարորդներին։ Եվ ճանապարհն անցնելիս պետք է հանել ականջակալները, որպեսզի չշեղվենք»։

Ճանապարհային անվտանգության հմտությունները լավագույնս յուրացվում են դրսում՝ իրական երթևեկության պայմաններում։ Երեխաները սովորում են իրենց փորձով, մեծահասակների մասնակցությունն այս գործընթացի կարևոր մաս է։ Երեխաները քայլում են, հարցեր են տալիս ճանապարհների, նշանների, երթևեկության և այն մասին, թե ինչպես և որտեղից անցնել ճանապարհը։ Կրթված երեխան իր գիտելիքը փոխանցում է ընտանիքին, ինչպես նաև կարող է իր ընկերներին սովորեցնել ճանապարհային անվտանգության հարցերի մասին։

Ծրագրի թիմը, լինելով անվտանգության հանձնառու, աշխատում է նաև ծրագրում ընդգրկված ճանապարհների երկայնքով՝ մարդակենտրոն բաղադրիչներ ներառելու ուղղությամբ, և համագործակցում է ճանապարհային ոստիկանության հետ վթարների տվյալների համապետական համակարգերը զարգացնելու հարցում։

Ներկայումս Հայաստանն աշխատում է պատերազմի և ընթացիկ համավարակի հետևանքներից վերականգնվելու ուղղությամբ, և այս առումով շատ կարևոր է նոր հնարավորությունները լիարժեք օգտագործելը։ Ճանապարհային պատահարներից մահացության խնդիրը լուծելը և բնակիչների, հատկապես՝ երեխաների համար ավելի անվտանգ շարժունակություն ապահովելն երկրի համար ավելի պայծառ ապագա ստեղծելու ևս մեկ համարձակ ճանապարհ է

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին