Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

19-07-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնվող ճանապարհների շինաշխատանքներին։  

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն մոտ 1.1 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրել է, որ շինաշխատանքներն այս հատվածում մեկնարկել են ընթացիկ տարվա հունիսին։ Մոտ 1.5 ամսվա ընթացքում աշխատանքների կատարման առաջընթացը կազմում է 30 տոկոս: Կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի ղեկավարները հավելել են, որ այս ճանապարհահատվածում աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականին, սակայն, ճանապարհի վերականգնումը կավարտեն այս տարվա սեպտեմբերին։

Նախարարը զրուցել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող «Kocks Consult GMBH» կազմակերպության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ և կարևորել տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։ 

Հաջորդ կանգառը Տ-2-30 - Վերին Արտաշատ - Հնաբերդ - Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում էր, որտեղ այս փուլում իրականացվել է նախատեսվող աշխատանքների շուրջ 35 տոկոսը: Համայնքների ղեկավարների հետ զրույցում նախարար Պապիկյանը նկատել է, որ վերջիններս վերականգնվող ճանապարհի նախագծի փոփոխության առաջարկներ են անում շինարարության մեկնարկից հետո, ինչի պատճառով հավելյալ բարդություններ են առաջանու, և ճանապարհի շինարարությունը ձգձգվում է։ Նախարարը հորդորել է պատասխանատուներին համայնքներում իրականացվող հանրային քննարկումների ընթացքում լինել աչալուրջ, մանրամասն դիտարկել ճանապարհաշինական նախագիծը, իրենց նկատառումները ներկայացնել նախքան նախագծի հաստատումը և ոչ թե՝ շինաշխատանքների մեկնարկից հետո։ «Նոր նախարարության ձևաչափը թույլ է տալիս, որ ճանապարհաշինական ծրագրերը համատեղ քննարկվեն համայնքների, մարզպետարանների ներկայացուցիչների հետ, և համադրելով ճանապարհաշինության համար նախատեսված ռեսուրսներն ու համայնքային միջոցները, ավելի արդյունավետ իրականացվեն աշխատանքները»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։ 

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ վերականգնվում է մոտ 1.36 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Դեղձուտում այս պահին կատարվում են ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծը նոր խողովակներով փոխարինելու, էլեկտրական սյուների, գազատար խողովակների տեղափոխման աշխատանքներ: Նախարար Սուրեն Պապիկյանի հետ զրուցելիս համայնքի բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնել կառավարությանը և շինարարներին ճանապարհը վերականգնելու համար՝ ընդգծելով, որ բարեկարգ ճանապարհը մեծապես կթեթևացնի իրենց հոգսը։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին