Փորձարկվում է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը

19-07-2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պատվիրել և փորձարկում է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ Ճանապարհների մոնիթորինգը կազմակերպվելու է իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեներներին հնարավորություն կտա իրենց գործառույթներն իրականացնել թվային հարթակում։
 
Ճանապարհային ցանցի կառավարման էլեկտրոնային գործիքը մշակել է «Լոկատոր» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ համանման ծրագրեր կիրառում են նաև այլ կազմակերպություններ, և այս ընթացքում արձանագրվել է էլեկտրոնային այս գործիքի արդյունավետությունը։ Թվային հարթակը մշակած մասնագետները Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին ծրագիրը, բաժինները, կիրառման ձևը։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը նշեց, որ կազմակերպությունն իրականացնում է մոտ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման վերահսկողություն, և 3700 կիլոմետրի վերաբերյալ տեղեկատվությունը մշակելը առանց համապատասխան էլեկտրոնային գործիքների շատ դժվար է։ Ուստի նոր համակարգի ներդրումն ավելի արդյունավետ կդարձնի ճանապարհների սպասարկման վերահսկումն ու տվյալների մշակումը։
 
Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումն և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող ինժեներների հետագիծը մարզային շրջայցեր կատարելիս։
 
Ծրագիրը մշակած մասնագետները լսեցին նաև Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների առաջարկները՝ հավելվածում համապատասխան լուծումներ տալու և հավելվածը կատարելագործելու ուղղությամբ։

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին