Քննարկվել են Տրանշ-5-ի մանրամասները

21-02-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
 
2023թ․ ընթացքում մշակվել և բյուջետավորվել է Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար։ Հայտը հաստատվել է 850․000 եվրո գումարով։ Նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը, բոլոր հաստատումները ստանալուց հետո այն կուղարկվի հաստատման և կներկայացվի ստորագրման։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ԵՆԲ պատվիրակներին ներկայացրել է դեպի Գյումրի և Գյումրիից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհների ներկա վիճակը‚ տեխնիկական պարամետրերը։ Պարոն Ավետիսյանի խոսքով՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս‚ որ դեպի Վրաստան ընթացող մեքենաների ինտենսիվությունը մեծացել է‚ և ՀՀ պետական բյուջեից մեծ ներդրումներ են կատարվել այդ ուղղությամբ ճանապարհային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս համատեքստում մանրամասն քննարկվել ու կարեւորվել է նաև Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման հարցը։
 
ԵՆԲ ներկայացուցիչ Գիհարդ-Բրանդ Ստեֆանին իր խոսքում նկատել է‚ որ բակը կարևորում է նշված ծրագիրը‚ և հույս է հայտնել‚ որ հնարավորինս արագ կհասնեն համաձայնագրի ստորագրմանը։
 
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև ԵՆԲ տրամադրած դրամաշնորհի շրջանակում իրականացված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է 2023 թվականին ավարտված ծրագրի արդյունքները‚ ըստ այդմ‚ 4․25 մլն եվրո դրամաշնորհի և ՀՀ համաֆինանսավորման շրջանակում ՀՀ ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։