Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի ճանապարհաշինության ընթացքում մշակութային ժառանգության վրա ազդեցություններ չարձանագրվեն

21-04-2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հանդիպում են ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ընթացքում հնագիտական, բնական և պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հնագետներ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ընդգծեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի կարևոր բաղադրիչներից է շինարարության ընթացքում հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանումը, և մինչ ծրագրի մեկնարկը պետք է հաշվարկվեն հնարավոր ռիսկերը, ազդեցությունները՝ ձեռնարկելով բոլոր քայլերը դրանք նվազագույնի հասցնելու համար։

Մասնագետների կողմից ընդգծվեց, որ կառուցվելիք ճանապարհի նախագծման փուլում արդեն իսկ արվել է հնարավորը, որպեսզի նախատեսվող ճանապարհը քիչ առնչվի մշակութային ժառանգության միավորների հետ։

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկեցին Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագիծը և դրա հարակից վայրերում առկա հնագիտական, երկրաբանական, հոգևոր, պատմամշակութային արժեքները։ Նշվեց, որ կպատրաստվի մշակութային ժառանգության կառավարման պլան, մինչև շինարարության մեկնարկը կձեռնարկվեն անհրաժեշտ մեղմացնող միջոցառումներ, ինչը կնպաստի, որպեսզի ծրագրի իրականացման փուլում մշակութային ժառանգության վրա ազդեցություններ չարձանագրվեն։ Ընդգծվեց, որ այս ոլորտում առկա բոլոր հարցերը պետք է կարգավորվեն ՀՀ օրենսդրության և բանկերի քաղաքականությունների շրջանակներում, ինչպես նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։

Կողմերը նշեցին, որ շատ կարևոր է հաշվի առնել թեմայի շուրջ ազդակիր համայնքների բնակիչների կարծիքը։ Տեղեկացվեց, որ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում արդեն իսկ իրականացվել են հանրային լսումներ, որոնք կկրեն շարունակական բնույթ։

Վերջին նորությունները

Հանդիպում ԵՆԲ պատվիրակության հետ

12-07-2024

Քննարկվել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։

Կարդալ ավելին

Հանդիպում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

10-07-2024

Անդրադարձ է եղել գնումների պլանին‚ նախատեսվող մրցութային գործընթացներին‚ նախագծային‚ ծրագրի կառավարման և այլ հարցերի։

Կարդալ ավելին