ՏԾԻԿ-ը 2019թ. վերականգնել է մոտ 70.5 կմ ճանապարհ‚ շարունակել է մոտ 98 կմ ճանապարհների վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքները

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը 2019թ. ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր‚ որոնց ընթացքում կատարել է ճանապարհների վերականգնման‚ հիմնանորոգման աշխատանքներ‚ աշխատանքներ է տարել ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես‚ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրուցուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. ընթացքում ավարտվել են մոտ 70.5 կմ երկարությամբ 9 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ 2019թ. ընթացքում տեղադրվել են 3892 նշաններ հանրապետության 420 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում։ 2019թ. իրականացվել են ՀՀ ճանապարհային ցանցում ընդգրկված 7443 կմ երկարությամբ ճանապարհահատվածների անհարթության գործակցի և 919 հաշվեկետերում երթևեկության ինտենսիվության չափումներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում էապես բարելավվել է Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի 46.17 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների ծավալը։ Թալին–Լանջիկ ճանապարհահատվածում (18.70 կմ) 2019թ. ընթացքում իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83%-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59%-ը: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում (27.47 կմ) կատարվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 53%-ը և բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 33%-ը:
Ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնավորապես‚ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար հայտարարվել է միջազգային մրցույթ‚ որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԳ ընկերությունը: Նախագծման աշխատանքները մեկնարկել են‚ դրանք նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը, որից հետո կիրականացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը: Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով:
Հիշեցնենք‚ որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում (Աշտարակ-Թալին, 42 կմ) պատվիրատուն լուծել է կապալառու կազմակերպության՝ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» իսպանական ընկերության հետ կապալի պայմանագիրը՝ կապալառուի կողմից պայմանագրի դրույթների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև վերջինիս անվճարունակ լինելու պատճառով: 2019 թվականի նոյեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Առևտրի միջազգային պալատ է ներկայացվել դիմում «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության նկատմամբ արբիտրաժային գործընթաց սկսելու վերաբերյալ։ Արբիտրաժային գործընթացն ընթացքի մեջ է: Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում ծրագրի շարունակությունն ապահովելու ուղղությամբ։
2019թ. ընթացքում շարունակվել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ «Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ 51.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Իրականացվել են հիմնականում հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման, ինչպես նաև հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներ: Անցած տարվա ընթացքում Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրում ներառվել է նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ 50+700-ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում, գտնվող երկու կամուրջների վերականգնումը։ Կամուրջների վերականգնումը կիրականացվի Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2020թ. նոյեմբերին։
Ընթացքի մեջ է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագիրը։ Վերջնականացվել և պատվիրատուներին է հանձնվել «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի մանրամասն նախագիծը։ Պատվիրատուների և արտագերատեսչական փորձաքննության դրական եզրակացությունները ստանալուց հետո նախագիծը կներկայացվի պետական համալիր փորձաքննության: Վերջինիս հաստատմանը կհաջորդեն շինարարական աշխատանքների նախապատրաստական միջոցառումները և շինարարության մեկնարկը:
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին