Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպաններ ծանոթացել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մանրամասներին

24-02-2022

Հայաստանում հավատարմագրված դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այսօր կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդես։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։ Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։ Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով. կառուցվելու է մոտ 60կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։ Նախարար Սանոսյանը, դիմելով դեսպաններին և դեսպանությունների  ներկայացուցիչներին, նկատել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն  տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ մեր նպատակն է՝ շինաշխատանքների մրցույթին ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող շինարարական ընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցվելու է նոր ծրագծով, բավականին բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, և շինաշխատանքներում փորձառու շինարարական կազմակերպություն ներգրավելը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:

Շնորհանդեսի ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին