Մարզերում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ

Հանրապետության մարզերի 85 համայնքների դպրոցներում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ։ Այն կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո։ Իրազեկման արշավն անցկացնում են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն (Հայաստան) և “FRED Engineering” միջազգային խորհրդատվական ընկերությունը (Իտալիա)։
Ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավի շրջանակներում մասնագետներն աշակերտներին մատչելի կերպով ներկայացնում են ճանապարհատրանսպորտային պատահարներ առաջացնող հիմնական պատճառները‚ տեղեկություններ են տրամադրում ճանապարհային նշանների‚ հետիոտնի և վարորդի վարքականոնների և այլնի մասին։
Աշակերտների համար ցուցադրվում են այս ծրագրի շրջանակներում պատրաստված տեղեկատվական հոլովակներ՝ ճանապարհն անցնելու և անվտանգ վարքի‚ ինչպես նաև անվտանգ հեծանիվ վարելու և տրանսպորտից օգտվելու մասին: Աշակերտների տարբեր տարիքային խմբերի համար մշակվել են տարիքին համապատասխան գործիքներ. բարձր դասարանների աշակերտները բջջային հեռախոսներով թեստ են անցնում, ցածր դասարանների աշակերտները ստանում և ամրապնդում են գիտելիքները խաղերի և ինտերակտիվ վարժությունների միջոցով։ Զուգահեռ տեղեկատվական հանդիպումներ են կայանում նաև մանկավարժների և ծնողների հետ՝ բացատրելու, թե որոնք են այս գիտելիքը տարբեր տարիքի երեխաներին մատուցելու արդյունավետ մոտեցումներն ու միջոցները։ Դասընթացի մասնակիցներին բաժանվում են նաև գրքույկներ՝ ճանապարհային անվտանգության կանոնների մասին։
Կոտայքի մարզի «Կարենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Գևորգյանը նկատում է‚ որ նման ինտերակտիվ դասերն արդյունավետ են։ Թեև երեխաները որոշակիորեն տեղեկացված են ճանապարհային անվտանգության կանոնների մասին‚ սակայն նման պարապմունքների միջոցով է՜լ ավելի շատ ինֆորմացիա են ստանում‚ ավելի են ամրապնդվում գիտելիքները։ Տիկին Գևորգյանը նշում է‚ որ վերանորոգումից հետո համայնքի ճանապարհը կահավորվել է ճանապարհային նշաններով‚ սակայն լինում են դեպքեր‚ որ գյուղի ներսում վարորդները‚ հետիոտներն ուշադրություն չեն դարձնում այդ նշաններին։ Ուստի նման դասընթացներն օգնում են‚ որպեսզի փոխվի մարդկանց մտածելակերպը‚ փոքր տարիքից ամրապնդվի ճանապարհային երթևեկության կանոններին խստորեն հետևելու մշակույթը։
Կարենիսի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վարազդատ Ավետիսյանն ասում է‚ որ դասընթացից շատ բան է սովորել‚ մասնավորապես‚ ինքը չգիտեր‚ որ ուշ ժամերին‚ երբ դրսում մութ է‚ հետիոտնը պետք է աշխատի բաց գույնի հագուստ կրել‚ որպեսզի ճանապարհն անցնելիս վարորդների համար տեսանելի լինի‚ նաև ճանապարհն անցնելիս պետք է հանել ականջակալները‚ որպեսզի ուշադրությունը չշեղվի։
Ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավի շրջանակում դասընթացավարներն արդեն եղել են Արարատի և Կոտայքի մարզերի 23 համայնքներում‚ առաջիկայում այցելություններ կլինեն նաև այլ մարզեր։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին