Շահագործման հանձնվեց բարեկարգված Հայաստան- Վրաստան սահմանային ճանապարհի Մ-6 Վանաձոր-Բագրատաշեն հատվածը

24-07-2023

Նոր և անվտանգ  երթուղի. շահագործման հանձնվեց  բարեկարգված Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի Մ-6 Վանաձոր-Բագրատաշեն  հատվածը: Ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նախ միջպետական ճանապարհ է և հանգուցային կարևոր դեր ունի դեպի Բագրատաշենի ուղղությամբ ուղևորների և բեռնափոխադրման գործում:

«Բագրատաշենի անցակետն  ամենամեծ թողունակություն ունեցող անցակետն է և շատ բեռներ, ուղևորներ են անցնում այդ անցակետով, այդ պատճառով այս ճանապարհի կառուցմամբ մենք բավական մեծ ծավալով կարգավորել ենք մեր վարորդների, ուղևորների հարմար, անվտանգ երթևեկությունն այդ ուղղությամբ: Այս ճանապարհի միջպետական նշանակությունը շատ մեծ է, և մեր տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ ուղևորների տեղափոխման և բեռնաշրջանառության այս բարեկարգման կարիքը շատ մեծ էր»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ շինարարական բուն աշխատանքներն ընթացել են 2018 թվականից հետո: «Այս ճանապարհի կառուցումը բավականին բարդ է եղել, հաճախ առաջ են եկել դժվարություններ, որոնք նախագծողները նույնիսկ չեն էլ  կանխատեսել, բայց այսօր հավաքվել ենք փաստելու, որ թեև առկա դժվարություններին, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է իրականացվել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի գործընկերների և մի շարք այլ գործընկերների ու շինարարների հետ համատեղ գտել ենք լուծումները և հիմնական մասն ավարտելով՝ ծրագիրը փակել ենք»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ճանապարհի մի հատված կա,  որն առանձին ծրագրով պետական բյուջեի հաշվին այժմ  իրականացվում է: Ըստ նախարարի՝ իրականացվել է շուրջ 51 կիլոմետր ճանապարհի բարեկարգում, որը, իհարկե, զուտ ճանապարհին չի վերաբերվում, քանի որ բարեկարգվել են նաև ճանապարհամերձ հատվածները, անվտանգության գոտիները, մի շարք լուծումներ են տրվել քարաթափումների ուղղությամբ, ինչպես նաև  ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել են լայնացումներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն  ընդգծեց, որ ճանապարհի այս հատվածը Հյուսիս-հարավից հետո ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագիրն է, որն իրականացվել է: «Վանաձորից դեպի Թումանյան կայարանի ճանապարհահատվածը շահագործման էր հանձնվել 2018 թվականի աշնանը, իսկ Թումանյան կայարանից դեպի Բագրատաշեն հատվածն ամբողջությամբ հիմնանորոգվել է և այսօր հանձնում ենք շահագործման: Շուրջ 600 մետր հատված է մնացել, որը պետական բյուջեի միջոցներով այժմ վերանորոգվում է: Այդ հատվածում  որոշում է կայացվել իրականացնել տրանսպորտային հանգույց, որն Օձունից դեպի Ստեփանավան տանող հանրապետական ճանապարհն ավելի անվտանգ կդարձնի:  Հույս ունենք, որ  մինչև տարվա վերջ հիմնական աշխատանքները կավարտենք»,- ասաց Գոռ Ավետիսյանը:

Նա նշեց, որ բացի անվտանգ երթևեկությունից նոր ճանապարհը նաև կրճատել է երթևեկի ժամանակահատվածը՝ Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով: Քարաթափումներից պաշտպանելու համար կիրառվել են նորարարական ցանցեր: Ըստ նրա՝ ծրագրի ընդհանուր արժեքն այս պահին կազմում է մոտ 17 մլրդ դրամ, որը որոշ ճշգրտումներից հետո մի փոքր հնարավոր է  փոփոխվի:

Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Պաոլո Սպանտիգատին նշեց, որ շատ ուրախ է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով ավարտին հասավ շատ կարևոր տնտեսական նշանակության ծրագիր: «Ես կցանկանայի նշել, որ բավականին բարդ էր ավարտին հասցնել այս նախագիծն ինչպես բարդ տեղանքի պատճառով, այնպես էլ  քովիդի և պատերազմի ընթացքում, բայց մենք հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները և այժմ ունենք բարձր անվտանգային ճանապարհահատված: Նշեմ, որ ճանապարհն ինքնին շատ կարևոր նշանակություն ունի Ասիական զարգացման բանկի համար, և ի լրումն Մ-6 ճանապարհի՝ մենք աջակցում ենք նաև գյուղական շրջանների ճանապարհների և Հյուսիս-հարավի մի մասի շինարարությանը: Հուսով ենք, որ ապագայում  կկարողանանք ֆինանսավորել և շատ ավելին իրականացնել»,- նշեց Պաոլո Սպանտիգատին:  

Նյութը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունից 

 

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին