Ձյան առատ տեղումներից չեն դժգոհում

25-01-2023
«Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն ընթացիկ պահպանման աշխատանքներ է իրականացնում Աշոցքի և Ամասիայի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Հանրապետության այս տարածաշրջաններում ձմեռը, թերևս, ամենախստաշունչն է։ Ինչպես տեղեկացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսել Կարապետյանը, Հայաստանում ամենածացր ջերմաստիճանը գրանցվում է Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում, ձյան տեղումներն այստեղ առատ են, ձնաբքերը՝ հաճախ, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ ճանապարհների ձմեռային սպասարկման վրա։ Սակայն ճանապարհաշինարարները չեն դժգոհում։ «Մենք շատ լավ ձմեռ ենք ունենում, մենք մեր ձմեռներով հպարտանում ենք։ Ինձ միշտ ասում են, թե ես պետք է շահագրգռված լինեմ, որ ձյուն քիչ գա, բայց հակառակը, թող ինձ համար, իմ աշխատողների համար դժվար լինի, բայց ձյունը թող առատ լինի, քանի որ այն բարեբեր է։ Ձյունը ջուր է դառնում՝ ոռոգելով մինչև Արարատյան դաշտավայր։ Բա դա վա՞տ է։ Այս տարի մինչև այս պահը շատ վատ է տեղումների տեսակետից, բայց ինձ թվում է՝ տեղումների ձյան տեսքով դեռ ականատես կլինենք»,- ասում է Մարսել Կարապետյանն ու հիշում անցած գարունը, երբ մարտ ամսին 5-6 մետր բարձրությամբ ձյան շերտ էր գոյացել։
 
Մարսել Կարապետյանը ճանապարհների սպասարկման համակարգում աշխատում է, ինչպես ինքն է ասում, անցած հազարամյակից։ 1986 թվականից ճանապարհ սպասարկող կազմակերպության տնօրեն է։ «Ճիշտ է, հասարակարգ, հազարումի բան է փոխվել, բայց ես շարունակում եմ իմ սիրած գործով զբաղվել»,- ասում է պարոն Կարապետյանը՝ խոստովանելով, որ այս աշխատանքը դարձել է իր կյանքի մի մասը։
 
Կազմակերպության ղեկավարը նշում է, որ աշխատանքի հետ կապված դժվարություններ չունեն, ձեռք են բերել ձյուն մաքրող հզոր տեխնիկա, կազմակերպությունը ձմռան սպասարկման համար տարեկան օգտագործում է մոտ 150 տոննա աղ, ավելի քան 2000 խմ ավազ, և նույնիսկ առատ տեղումների պայմաններում կարողանում են բաց ու երթևեկելի պահել ավտոճանապարհները։ Պարոն Կարապետյանը խոստովանում է, որ 1990-ականներին հանրությունը նորմալ էր ընդունում, որ առատ տեղումների ժամանակ ճանապարհը կարող էր և որոշակի ժամանակով փակվել։ Սակայն վերջին տարիներին, երբ սոցիալական ցանցերը սկսեցին մեծ տեղ գրավել մեր կյանքում, նույնիսկ 5 րոպե երթևեկության կանգը մեծ արձագանք է ստանում։ Ուստի «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն, պայքարելով բնության տարերքի դեմ, ամեն ինչ անում է, որպեսզի ճանապարհները երթևեկելի մնան։
 
«Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն երեք հենակետ է պատրաստել ավտոճանապարհներին՝ Ամասիայում, Աշոցքում և Վարդաղբյուրում։ Դրանք նախատեսված են եղանակային բարդ պայմաններում երթևեկության մասնակիցներին օգնելու համար։ Կահավորված հենակետերում քաղաքացիները ցուրտ եղանակին կարող են հանգստանալ, թեյ, սուրճ ըմպել մինչև ճանապարհին առկա դժվարությունները կարգավորվեն։

Վերջին նորությունները

Ճանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ

27-01-2023

Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։

Կարդալ ավելին

Իրանի գործընկերներին ներկայացվել են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքները

21-01-2023

Այցելություն է կայացել նաև Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածներ, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։

Կարդալ ավելին

Ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են նաև ձմռան ամիսներին

18-01-2023

Լանջիկ-Գյումրի հատվածում այս օրերին կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հանույթ և լիցք՝ հողային պաստառը նախապատրաստելու նպատակով։

Կարդալ ավելին