Սուրեն Պապիկյան. «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի մասին ստացել եմ միայն դրական արձագանք»

25-07-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ճանապարհների վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 24-ին այցելել է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր:

Արագածոտնի մարզում նախարարը եղել է Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 և Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 վերականգնվող ճանապարհահատվածներում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 10.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 7.1 կմ-ն անցնում է Արագածոտնի մարզով, իսկ 3.8 կմ-ն՝ Շիարկի մարզի Անիի տարածաշրջանով՝ միմյանց կապելով նաև 4 համայնքներ՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրավան։ Կապալառու կազմակերպության՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարները նախարարի հետ զրույցում նշեցին, որ թեև ըստ պայմանագրի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մյուս տարվա գարնանը, սակայն կանեն հնարավորը՝ 3-4 ամսից ճանապարհի վերականգնումն ավարտելու համար։

Նախարար Պապիկյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը՝ առանձնացնելով որակյալ և առանց թերությունների շինարարություն իրականացնելու հանգամանքը: Սուրեն Պապիկյանը նշել է, որ պետությունը կարևորում է բարեխիղճ շինարարական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունները և հաշվի առնելով առաջիկայում ճանապարհաշինական աշխատանքների ծավալների աճը՝ հետաքրքրվել է կազմակերպության շինարարական հնարավորություններով: Նշենք, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի սկզբունքներից մեկն էլ հենց կենսական նշանակության ճանապարհները տեղական շինկազմակերպությունների միջոցով վերականգնելն է։ Ծրագիրն այդպիսով նպատակ ունի աջակցել հայկական ճանապարհաշինական ընկերություններին։

Այնուհետև նախարար Պապիկյանն այցելել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 մոտ 10.45 կմ երկարությամբ ճանապարհահատված, որտեղ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Այստեղ նույնպես շինարարությունն ընթանում է մեծ ծավալներով։ Ընդ որում, ուշագրավ է, որ կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքներում հիմնականում ներգրավված են տեղի համայնքների բնակիչներ։ Ճանապարհաշինական ծրագիրն այսպիսով օգնում է բնակիչներին լուծել իրենց սոցիալական խնդիրները, շատ դեպքերում նրանց հետ է պահում արտագնա աշխատանքի մեկնելուց։

Շիրակի մարզից նախարարը մեկնել է Լոռի, որտեղ ծանոթացել է Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր 6.8 կմ երկարությամբ վերականգնվող ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին։ Այս հատվածում կապալառու կազմակերպությունը «Ճանապարհ» ՍՊԸ-ն է։ Նախարար Պապիկյանն այստեղ ևս կարևորել է աշխատանքների որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը: Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանը նշում է, որ այս ճանապարհի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի։ «Ճանապարհը կառուցվում է սերունդների համար, սա ապագայի ճանապարհ է։ Եվ մենք՝ համայնքապետարանով, համայնքի բնակիչներով պետք է ամեն ինչ անենք հետագայում այն խնամքով շահագործելու, պահպանելու համար»,- ասաց համայնքապետը։

Նախարար Պապիկյանը շինարարների հետ զրույցում ընդգծել է, որ ամենամսյա ռեժիմով հանդիպելու է շինարարների հետ։ Ստեղծվելու է գործընկերային միջավայր, որպեսզի մարդիկ պարտաճանաչ աշխատեն. պետությունը վճարի, և գոհ լինեն բոլորը՝ քաղաքացին, գործարարը, պատվիրատուն։ Ըստ նախարարի՝ սա՜ պետք է լինի աշխատանքի սկզբունքը։ Նա նաև շեշտել է, որ պետք է բացառվեն բոլոր ռիսկերը։ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի մասին անցած երկու ամիսների ընթացքում զրուցել է համայնքապետերի, համայնքների բնակիչների հետ և ստացել է միայն դրական արձագանք։

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

08-02-2025

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 3-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվել է Հարժիս տանող ճանապարհը

05-02-2025

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ կառավարության միջոցներով։ ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 723 մլն դրամ։

Կարդալ ավելին