Նախարար Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

25-07-2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի ուղեկցությամբ այսօր Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Նախարար Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Վանաձորում ծանոթացել է Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում չեն եղել: Նախատեսվում են գծանշման, անվտանգության տարրերի տեղադրման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքներ: Ճանապարհի հետագա պահպանման և շահագործման տեսանկյունից նախարարը կարևորել է ջրահեռացման համակարգերի առկայությունը և հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել վերջիններիս անցկացման աշխատանքներին: Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով:

Ներկայում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ:
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Քոբայրի հատվածում նախարար Պապիկյանը շինարարություն իրականացնող կազմակերպության, տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների հետ տեղում քննարկել է կամրջի և հենապատի նախագծի և դրանց կառուցման տարբերակներին վերաբերող հարցեր: Այստեղ որոշակի խնդիրներ էին առաջացել` կապված ենթակառուցվածքների‚ հենապատերի կառուցման‚ որոշ հատվածների նախագծերի փոփոխության հետ:

Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում, որտեղ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, պատասխանատուները նախարարին ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Ճանապարհի լայնացման համար այս հատվածում իրականացվել են ժայռապայթեցման աշխատանքներ:

Այցի շրջանակում նախարարը պատասխանատուների հետ վերանորոգվող հատվածներում քննարկումներ է ունեցել Օձունի խաչմերուկ-Ալավերդի ճանապարհի կառուցման նախագծային լուծումների շուրջ:

Մ6 ճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի դիտարկման ընթացքում ևս վերհանվել են շինարարության ընթացքում հիմնականում ճանապարհի լայնացման, ջրահեռացման համակարգի անցկացման պատճառով ի հայտ եկած խնդիրները: Նախարար Պապիկյանը պատասխանատուների հետ քննարկել է դրանց լուծման տարբերակները, հորդորել նախագծային փոփոխությունները կատարել սեղմ ժամկետներում և նոր թափ հաղորդել կենսական նշանակության մայրուղու հիմնանորոգմանը:

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: Այս պահին ընթանում են ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ) աշխատանքները, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից:

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը եղել է Լոռի Բերդ-Լեջան ճանապարհահատվածում, որտեղ իրականացվում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, 3,5 կմ ճանապարհի վրա կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգման պայմանագրային գումարը 271 մլն 945 հազար 860 դրամ է:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե և Տաշիր-Վարդաղբյուր 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 1 մլրդ 6 մլն 800 000 դրամ է, աշխատանքներն այստեղ իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը:

Նախարարը կարևորել է այս ճանապարհի բարեկարգումը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա Հյուսիսային մաքսատան աշխատանքի դեպքում բեռնաթափել Սպիտակի ճանապարհի ծանրաբեռնվածությունը:

Նախարար Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ քննարկել է աշխատանքների իրականացման, ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր:

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին