Վերականգնված ճանապարհները մեծ ներդրում են համայնքների սոցիալ-տնտեսական‚ զբոսաշրջության զարգացման‚ գյուղացիների կենսամակարդակի բարձրացման գործում

25-12-2019

Շահագործման են հանձնվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնված Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ստեղծված՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ դիտարկել կատարված աշխատանքները։

Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի բնակիչները հավաքվել էին վերականգնված ճանապարհի սկզբին՝ դիմավորելու շինարարներին և ծրագրի պատասխանատուներին և իրենց երախտագիտությունը հայտնելու։  Բագրավանի բնակիչ Արսեն Վարոսյանը խոստանում է‚ որ խնամքով են վերաբերվելու վերականգնված ճանապարհին‚ չեն թույլ տալու որևէ մեկը քանդի այն‚ վաքերը մաքուր են պահելու։

Ցամաքասարի բնակիչ Ներսես Հակոբյանը նշում է‚ որ մոտ 30 տարի սպասել են այս ճանապարհի վերականգնմանը։ «Փոշուց‚ ցեխից ազատվեցինք։ Մենք շատ գոհ ենք ամեն ինչից‚ որակյալ աշխատանք է կատարվել։ Պարզապես խնդրում ենք վերականգնել նաև Ցամաքասարը Ձիթհանքովին միացնող մոտ 7 կմ հատվածը։ Դա թույլ կտա էապես՝ մոտ 25 կմ-ով կրճատել Գյումրի տանող ճանապարհը։ Խնդրում ենք‚ մեր այս խնդրանքը հասցնել կառավարությանը»‚- ասաց Ներսես Հակոբյանը։

Հայրենյաց համայնքի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը նշում է‚ որ ճանապարհի վերականգնումը մեծ ներդրում է համայնքի սոցիալ-տնտեսական‚ զբասաշրջության զարգացման‚ գյուղացիների կենսամակարդակի բարձրացման գործում։ Ըստ համայնքի ղեկավարի՝ տարածքը հարուստ է տեսարժան վայրերով. «Այստեղ են միջնադարյան սուրբ Աստվածածին եկեղեցին‚ Հովնան Օձնեցի սրբատեղին‚ Հայրենյաց-Հոռոմ համայնքների միջև կա դամբարանադաշտ‚ և վերականգնված ճանապարհը կօգնի‚ որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան այդ բոլոր հնավայրերին։ Այս ճանապարհը կենսական նշանակություն ունի՝ շտապօգնության‚ հրշեջ ծառայության մեքենաներն անբարեկարգ ճանապարհի պատճառով բավականին ուշացումով էին տեղ հասնում։ Հիմա այդ խնդիրը լուծված է‚ երթևեկության ինտենսիվությունն ավելացել է»‚- նշում է Գևորգ Մարտիրոսյանը։

Տեղեկացնենք‚ որ նշված երկու՝ մոտ 22 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում վերականգնվել են հողային պաստառը‚ ճանապարհային պատվածքը‚ ջրահեռացման համակարգը‚ ամբողջությամբ կահավորվել են ճանապարհահատվածները‚ տեղադրվել են ճանապարհային նշաններ‚ մետաղական անգելափակոցներ‚ ազդանշանային սյուներ‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցվել են արհեստական անհարթություններ‚ գյուղտեխնիկայի անցման տեղեր՝ բետոնային ծածկով‚ իրականացվել են նաև այլ աշխատանքներ։

 

 

 

Վերջին նորությունները

Միջին նորոգում՝ Մ-2-ում

02-10-2023

Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։

Կարդալ ավելին

Մասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին

02-10-2023

Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։

Կարդալ ավելին

2023թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է մուտքային 2873‚ ելքային 1163 գրություն

02-10-2023

2023թ. երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 78 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին