ՀՀ վարչապետին ներկայացվել է Ճանապարհային դեպարտամենտի 2023թ. հաշվետվությունը

29-02-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:
 
Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
 
Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրերը եւ կատարման ընթացքը: Ըստ պատասխանատուների՝ իրականացվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում տեղադրվել է նաև 9739 ճանապարհային նշան և մոտ 173․000 գծամետր մետաղական արգելափակոց։
 
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են նաև պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում 663 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ‚ որի համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 33 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված, որն արժեցել է 6.5 մլրդ դրամ։
 
Վարչապետը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է որոշվում, թե որ ճանապարհը պետք է տվյալ տարում վերանորոգվի:
 
Գոռ Ավետիսյանը նշել է, որ համապատասխան տեխնիկական միջոցներով համալրված ավտոմեքենաներով, ինչպես նաև առցանց համակարգով ստացվում են տվյալներ, որոնք համադրելով՝ որոշումներ են կայացվում: «Այդ համակարգը հաշվում է նույնիսկ տեսակը՝ հիմնանորոգել, միջին նորոգել, թե՝ նորոգել: Մենք ամեն տարի հավաքագրում ենք տեղեկատվություն՝ ճանապարհների վիճակի, անհարթության, ճաքայնության, փոսայնության վերաբերյալ և այլն: Ամբողջը ներմուծում ենք համակարգ, որը տալիս է, թե այդ տարվա համար ինչ միջոցառում է պետք իրականացնել»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը:
 
Արձագանքելով՝ վարչապետը կարեւորել է. «Այսինքն՝ ամբողջը էլեկտրոնային տվյալների վրա է: Շատ լավ: Այստեղ էլ մենք պետք է ստանդարտ ունենանք»:
 
Գոռ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից հետո վերանորոգված ոչ մի ճանապարհ մինչև այժմ կրկնակի չի նորոգվել:
 
«Մենք ճանապարհներ ունենք, որ անգամներով այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունն ավելացել է: Մեզ պետք է ստանդարտ, մենք պետք է իմանանք՝ և՛ հանրությունը, և՛ Կառավարությունը, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի: Ճիշտ է, մենք սովորաբար մտածում ենք ժամկետով, բայց ժամկետն օբյեկտիվ ցուցանիշ չէ, որովհետև նույն ժամկետում ինչքան բեռնատար է անցել այդ ճանապարհի վրայով: Եկեք պատկերացնենք իրավիճակ, երբ այդ համակարգը ներդրել ենք, ստանդարտը դրել ենք, ասել ենք՝ այս ճանապարհը շահագործման հանձնեցինք, ուրեմն այս ճանապարհի հաջորդ նորոգման պահը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ դրա վրայով անցել է օրինակ 1000, 10 000 կամ 20 000 կցորդիչով մեքենա և ենթադրենք 50 000 դրանից ավելի ցածր մեքենա: Սա շատ կօգնի, որովհետև այս հսկայական միջոցները մենք ներդնում ենք, դա մեծ պատասխանատվություն է նաև: Լավ է, որ կառուցում ենք, բայց ինչ-որ իքս պահի անհարթություն ես տեսնում՝ ասում ես, կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում և սա այն չէ, ինչ պետք է անենք: Դրա համար ես կարևոր եմ համարում, դա առաջնահերթ բան է, եկեք դնենք այդ ստանդարտը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյան:
 
Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքի մասին։ Այն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով, բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Այս առումով անդրադարձ է կատարվել Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ ճանապարհահատվածի, Սիսիան-Քաջարան 60 կմ, Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածների շինաշխատանքները մեկնարկելու գործընթացի մասին:
 
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը մեր հաշվարկով ե՞րբ արդեն պատրաստ կլինի»:
 
Զեկուցվել է, որ նշված հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թվականի վերջին, սակայն նախատեսվում է ընթացիկ տարում, բացառությամբ 14-15 կիլոմետր հատվածի, մյուս բոլոր հատվածները շահագործել: «Համենայնդեպս՝ շինարարները նման պարտավորություն ունեն»,- նշել է Գոռ Ավետիսյանը:
 
Ի պատասխան վարչապետի Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը մեկնարկելու հարցին՝ Ավետիսյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկի փուլում են: «Փետրվարի 5-ին պայմանագրով եղել է շինարարության մեկնարկը: Այսպես ասած, ժամացույցը սկսել է աշխատել, և ժամկետը երեք տարի է, այսինքն՝ որոշակի պրոցես արդեն սկսվել է»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:
 
Մանրամասներ են ներկայացվել Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ավարտվել է Մ-6‚ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի (բացառությամբ Օձունի խաչմերուկի) Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգման արդյունքում երթևեկության ինտենսիվությունը 2014թ. 2800 մեք./օր-ից 2023թ. 9 ամիսների տվյալներով դարձել է 4000 մեք/օր։ Բեռնափոխադրումները Բագրատաշենի մաքսային անցակետով 2014թ. 0.85 մլն տոննայից 2022թ. տվյալներով դարձել են 2.53 մլն տոննա։ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հիմնանորոգման արդյունքում արձանագրվել է մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թվի կրճատում: Եթե 2014թ. մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թիվը 6 էր‚ ապա 2023թ.՝ 2։ Նախաձեռնվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների արդիականացման ծրագիրը:
 
Իրականացվել են նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, կառուցում և վերականգնում: 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 4 կամրջի հիմնանորոգման, 1 վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, 1 հենապատի վերականգնման աշխատանքներ։ Մեկնարկել են ևս 1 կամրջի և 1 տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսված է 2024թ.։ Ձեռք են բերվել 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր‚ որոնցից 3-ը՝ կամրջի‚ 1-ը՝ տրանսպորտային հանգույցի։ 2 կամրջի‚ 1 թունելի (Նալբանդի թունել) և 3 հենապատի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը գտնվում են փորձաքննության փուլում։ Արհեստական կառույցների նորոգման աշխատանքներ իրականացվում են նաև հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ 2023 թվականի ընթացքում վերականգնվել է 57 կամրջային անցում։
 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է պետական և ոչ պետական շինարարական ծրագրերում շինարարական կազմակերպությունների ներգրավվածությանն ու նրանց ներուժի լիարժեք իրացմանը: «Պետական և ոչ պետական շինարարություններ իրականացնելու պրոցեսում այս գնահատականը ճի՞շտ է, իսկապես բացահայտե՞լ ենք այս պահի դրությամբ ամբողջ շինարարական պոտենցիալը, ես նկատի ունեմ շինարարական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը»,- հետաքրքրվել է վարչապետը:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ դրա մասին խոսում է նաև այն, որ շինաշխատանքների ժամկետները պարբերաբար խախտվում են՝ ընկերությունների ծանրաբեռնվածության հետևանքով:
 
«Ես ուզում եմ հասկանալ, օրինակ՝ Հյուսիս-հարավ, կամ մեր տարեկան 500 կմ ճանապարհի խնդիրը, որ դրել ենք, նորոգում կամ կառուցում, մենք ոլորտի պոտենցիալի ինչքա՞ն հատվածն ենք զբաղեցնում, կոնկրետ՝ ճանապարհաշինության»,- հարցրել է վարչապետը:
 
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարը նշել է, որ զբաղեցվում է առկա ողջ ներուժը:
 
«Ես դա եմ ուզում հասկանալ: Սկզբնական շրջանում խոսակցություններ կային, թե ով է շահում մրցույթը, ովքեր չեն շահում մրցույթը, ով ում բարեկամն է և այլն: Այդպիսի ընկերություն չկա, որը չի շահում մրցույթը, եթե օբյեկտիվորեն ի վիճակի է դրան»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
 
Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանն իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, շինարարության տեմպն այնքան է մեծացել, շատացել, որ շինարարական կազմակերպություններին խնդրում էինք, որ նրանք մասնակցեն մեր շինարարություններին»:
 
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և այլն քննարկումների արդյունքում մենք առնվազն այս տեմպը պահելու, եթե ոչ ավելացնելու խնդիր ունենք: Տեմպը որոշակի տոկոսով աճելու է, և մեր կոչն այդ է, որ պետք է հրավիրենք, խոսենք մարդկանց հետ: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մեր թվերը և մտադրությունները պետք է իրենց ցույց տալ և իրազեկել այն փոփոխությունները, որ արեցինք՝ կապված շահույթի նորմայի հետ, որպեսզի մարդիկ ավելի վստահ այդ ներդրումներն անեն, որովհետև մենք հիմա փաստացի այդ խնդրի առաջ կանգնած ենք, և դա անպայման պետք է անել»:
 
Պատասխանատուների ներկայացմամբ՝ իրականացվել է նաև ճանապարհաշինական նյութերի և արտադրանքի որակական չափանիշների լաբորատոր փորձաքննություն: Նախորդ տարվա ընթացքում փորձարկումների թիվը գերազանցել է 6 հազարը:
 
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ճանապարհային ցանցի հսկողություն և ուսումնասիրություն, հիմնանորոգման և միջին նորոգման ծրագրերի մշակում: 2023թ․ գույքագրվել է 600 կմ ճանապարհ‚ կատարվել է 1600 կմ ճանապարհի ծածկի ուսումնասիրում, 100 հաշվեկետերում իրականացվել են ինտենսիվության չափումներ (ներառյալ 10 առցանց աշխատող հաշվեկետ)։ Իրականացվել է նաև տրանսպորտային միջոցների ինտենսիվության առցանց չափում, միջպետական ճանապարհների ծածկի ուսումնասիրում, ճանապարհային ցանցի արդյունավետ կառավարման նպատակով 2019 թվականին ստեղծվել է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։
 
«Ճանապարհային դեպարտամենտն» իրականացնում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների հսկողություն։ Ամռանը սպասարկվում է 2823 կմ ճանապարհ, ձմռանը՝ 3206 կմ։ Սպասարկվում են նաև 3 թունել, 5 կամուրջ, 765 կմ մետաղական արգելափակոցներ։ Սպասարկման ծրագրի շրջանակում նախորդ տարի իրականացվել է 434 050 քմ գծանշում։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման նպատակով 34 կազմակերպության հետ կնքվել է 48 պայմանագիր՝ ընդհանուր առմամբ 6 մլրդ 952 մլն դրամ արժողությամբ։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվող աշխատանքները դիտարկվում են առցանց եղանակով և այցերի միջոցով։ 2023 թվականին թվային հսկողությամբ արձանագրվել է 3510 թերություն։ Արձանագրված թերությունները ժամանակին չվերացնելու համար կատարվել է շուրջ 200 մլն դրամ պահում։
 
Մանրամասներ է ներկայացվել նաև «Ճանապարհների տեղեկատու» հավելվածի վերաբերյալ: Նշվել է, որ հավելվածը հաղորդում է օպերատիվ տեղեկատվություն ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության, հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին: Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել են 25 սև կետերի (վթարավտանգ հատվածներ) վերացման աշխատանքներ։ 38.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվել է անվտանգության տարրերի բարելավում։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցով։ Դրամաշնորհի շրջանակում, ընդհանուր առմամբ, կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։

 

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին