Ամփոփվել են 2022թ. ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Ճանապարհաշինության ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2022 թվականին ճանապարհաշինության ոլորտում իրականացված ծրագրերը և նախանշվել առաջիկա անելիքները։ Ներկա էին ոլորտի պատասխանատուներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, շինարարական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի բացման խոսքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում անցնող տարին բավականին արդյունավետ էր, և 2022թ. ձեռքբերումները պետք է շարունակվեն նաև 2023 թվականին։ Նախարարը նկատել է, որ ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել պետական տարբեր կառույցների, նախագծային, շինարարական ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Նախարարի խոսքով՝ 2022 թվականի գլխավոր ձեռքբերումներից են ոչ միայն գործող ճանապարհների նորոգման բարձր ցուցանիշները, այլև մի շարք նոր ճանապարհների կառուցումը։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ճանապարհաշինության ոլորտի ներկա փուլի և զարգացման հեռանկարի մասին, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում կատարված ներդրումներն արդարացված են։ Միջազգային գնահատման ինդեքսով շատ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածները կրճատվել են։ 2021թ. ցուցանիշներով (2022թ. տվյալները կամփոփվեն հաջորդ տարի)՝ ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների միայն 0.3 տոկոսն է գտնվում շատ վատ վիճակում, հանրապետական նշանակության ճանապարհների՝ 18.8 տոկոսը։ Բարելավման աշխատանքները շարունակվելու են, վերականգնման աշխատանքներն է՜լ ավելի ինտենսիվ են լինելու տեղական նշանակության ճանապարհներին։ Տիկին Ղալեչյանը նկատել է, որ աշխատանքների նպատակը կայուն, անվտանգ, որակյալ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող ճանապարհային ցանցի ձևավորումն է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, անդրադառնալով 2022թ. ոլորտի ձեռքբերումներին, նշել է, որ անցնող տարում հանրապետությունում հիմնանորոգվել է մոտ 300կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153կմ ճանապարհահատվածներում, Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում ասֆալտապատվել է մոտ 50կմ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 9.8կմ, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնվել է մոտ 9կմ, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ 7.8կմ։ Մեծածավալ շինաշխատանքներ են տարվել հատկապես Սյունիքի մարզում։ 2022թ. ավարտվել են Բագրատաշենի մաքսային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքները, որը հայ-վրացական համատեղ ծրագիր էր։ Ավարտվել է Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի ասֆալտապատումը (18.7կմ, երկու ուղղությամբ)։
Ճանապարհային դեպարտամենտի կողմից ուսումնասիրվել է շուրջ 1600կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ, կատարվել են տրանսպորտային միջոցների ինտենսիվության չափումներ՝ շուրջ 100 հաշվեկետից։ Կատարվել է 600կմ ճանապարհների օտարման շերտում ճանապարհահատվածների տարրերի հաշվառում և գրանցում։ Իրականացվել են աշխատանքների որակի և նյութերի լաբորատոր ստուգումներ. տրվել է շուրջ 3500 եզրակացություն։ Կատարվել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային (շուրջ 2755կմ) և ձմեռային (շուրջ 3225կմ) պահպանման աշխատանքների վերահսկողություն։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է ճանապարհաշինության բնագավառում կրթության զարգացման հեռանկարները։
Միջոցառման ավարտին մի շարք անձինք պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել է Գեղարդ տանող ճանապարհը
10-12-2024Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Կարդալ ավելինԿկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև
07-12-2024Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը
04-12-2024Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։
Կարդալ ավելին