Ասուլիս՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների թեմայով

30-05-2024

Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անդրադարձավ ջրհեղեղից վնասված ավտոմոբիլային ճանապարհների, մասնավորապես` միջպետական Մ-6 մայրուղու վնասներին և վերականգնողական աշխատանքներին: 

Ավետիսյանը նշեց, որ աղետից մեծապես տուժել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները: Միջպետական մայրուղիներին զուգահեռ ուշադրությունից չեն վրիպել նաև միջհամայնքային ճանապարհները:

«Տարերային աղետից հետո անմիջապես արձագանքեցինք ստեղծված իրավիճակին: Նախ Դիլիջանից դեպի Գոշ գնացող հատվածում երթևեկությունը կարճ ժամանակ անց վերականգնվեց: Երեք հատվածներում այս պահին ունենք միակողմանի երթևեկություն, արագ արձագանքման արդյունքում իրականացվել են շեպերի ամրացման աշխատանքներ: Միջպետական Մ4 ճանապարհի վնասված հատվածները գույքագրել ենք, ունենք շուրջ 10 կետ, որտեղ եղել են փլուզումներ: Այդտեղ ճանապարհային հատվածը ջրհագեցված է, հնարավոր են մեկ-երկու հավելյալ փլուզումներ: Նախնական գնահատականների համաձայն՝ Աղստև գետի մակարդակը բավականին իջել է: Այդ հատվածում շատ շուտով նույնպես կմեկնարկեն շինաշխատանքները: Մ-6 միջպետական ճանապարհին կա բավականին մեծ հատված՝ 2,5 կիլոմետր երկարությամբ, որտեղ շուրջ 43 կետերում նույնպես եղել են փլուզումներ: Բարեբախտաբար, վերջին տարիներին Մ6 մայրուղու հիմնանորոգման արդյունքում ոչ մի կամուրջ չի տուժել»,- նշեց Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ` հիմնական վնասներն արձանագրվել են Ձորագետից մինչև Բագրատաշեն տանող ճանապարհին, որտեղ եղել են հենապատերի և նախկինում գոյություն ունեցած շեպերի փլուզումներ: Այս պահին դեպերտամենտի մասնագետները 43 կետերում իրականացնում են գույքագրում: Թվերը կարող են փոփոխվել, քանի որ ջրի մակարդակը դեռ թույլ չի տալիս լիարժեք չափագրումներ իրականացնել: Մայիսի 27-28-ին միջպետական ճանապարհի շուրջ երեք կիլոմետր երկարություն ունեցող հատվածը գտնվում էր ջրածածկույթի տակ: Կան հատվածներ, որտեղ ջրի մակարդակը երթևեկելի մակերեսից բարձր էր երկու մետրով:

«Բագրատաշենի հատվածում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվեց մայիսի 28-ին: Հասկանալով այդ անցակետի կարևորությունը՝ մենք հնարավորինս շուտ վերականգնեցինք այդտեղ տանող ճանապարհը: Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են նաև կամուրջները: Օրինակ՝ Ախթալայի կամրջի պարագայում տվել ենք ժամանակավոր լուծում: Ջրի հարվածներն այնքան ուժեղ են եղել, որ կամրջի ներքևի երկաթե կոնստրուկցիաները ծռվել են: Տեղի շինանյութերով կառուցել ենք հետիոտնային անցում: Առաջիկայում կմեկնարկեն շինաշխատանքները, քանի որ այդ կամրջից հետո կա ճանապարհի 400 մետր երկարությամբ փլուզված հատված: Մ-6 մայրուղու վրա աշխատում է բավականին մեծ քանակի շինտեխնիկա: Նախորդ օրերին ճանապարհի երթևեկելի հատվածները մաքրվել են տիղմից ու ցեխակույտերից: Շինաշխատանքներ են ընթանում մասնավորապես Թուֆենկյան հյուրանոցի հատվածում: 38 կիլոմետրում կա մոտ 300 մետր երկարությամբ հատված, որը նույնպես ամբողջությամբ վնասվել է, քանի որ գետի հունը տեղափոխվել է երթևեկալի հատվածի վրա: Այդտեղ նույնպես մեկնարկել են շինաշխատանքները, որոնք կավարտվեն հնարավորինս շուտ: Բարեկարգել ենք դեպ Ալավերդի տանող շրջանցիկ ճանապարհը, որը քաղաքի հետ կապում է Դսեղ, Մարց և Աթան գյուղերը: Ալավերդիից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհը թեև բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, սակայն հորդորում ենք այդ ճանապարհից դեռ չօգտվել, քանի որ իրականացվում են շինաշխատանքներ»,- ասաց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Մ-6 մայրուղու խնդրահարույց մի քանի հատվածներում նոր կառուցված հենապատերը չեն տուժել: Դեպարտամենտն իր առջև նպատակ է դրել առաջիկա օրերին որոշ հատվածներում հողագրունտով ապահովել միակողմանի երթևեկություն, իրականացնել լիցքի աշխատանքներ: Մեկ-երկու օրվա ընթացքում շինաշխատանքներն այդ հատվածներում կավարտվեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի գույքագրում, որպեսզի պարզվի ընդհանուր վնասի չափը: Ավետիսյանի հավաստմամբ՝ ճանապարհային դեպարտամենտը համագործակցում է ոչ միայն տեղի, այլև միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Կա որոշակի մասնագիտական ռեսուրսի խնդիր հատկապես կամուրջների մասով, իսկ միջպետական Մ-6 մայրուղու վնասված հատվածները հնարավոր է ամբողջությամբ վերակառուցել տեղի ռեսուրսների հաշվին:    

 

Նյութը՝ Արմենպրեսի 

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին