Հիմնանորոգվել են Վահրամաբերդ և Հովունի համայնքների ավտոճանապարհները
30-10-2018
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Մոստովիկ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության կողմից։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը նախատեսված էր 2018թ. դեկտեմբերի 23-ին։ Վերանորոգումը, սակայն, ավարտվել է նախատեսված ժամկետից 3 ամիս շուտ։
Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:
Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածների ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկը բացակայում էր, հողային պաստառի վրա կային նստվածքներ, փոսեր, լայնական թեքությունները չէին համապատասխանում շինարարական նորմերին: Անմխիթար վիճակում էին երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում էին ճանապարհային նշանները:
Շինաշխատանքների արդյունքում 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածների երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցվել է: Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի (որի մեջ մտնում են նաև Վահրամաբերդն ու Հովունին) ղեկավար Կարեն Արշակյանը նշում է, որ ցանկացած ճանապարհի վերանորոգում նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Պարոն Արշակյանը նկատեց, որ Մարմաշեն խոշորացված համայնքում կան անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ, որոնք ցանկալի կլիներ ներգրավել վերականգնման ծրագրերում։
Վահրամաբերդի և Հովունիի բնակիչները նույնպես իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքների առնչությամբ, խոստացան, որ բարեկարգ ճանապարհը շահագործելու են խնամքով, որպեսզի ավելի երկար ծառայի համայնքի բնակչությանը։
Վերջին նորությունները
Չափագրումներ՝ միջին նորոգում իրականացնելու նպատակով
22-04-2025Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը
21-04-2025Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4 ճանապարհի կմ51+200-կմ64+174 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
21-04-2025Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին