Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 4. Արտաշատ-Ագարակ
Տրանշ 4 - Բաղկացած է 3 ենթահատվածից՝ Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ
Տրանշ 4, Արտաշատ-Սիսիան հատված (հեռանկարային ծրագիր)
- Նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 160կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ կամուրջներ և թունելներ:
- Նախապատրաստվել է նախնական նախագիծ:
Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատված
- Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անբաժանելի մասն է: Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատվել է 24.09.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1564-Ա որոշմամբ:
- Ծրագրով նախատեսված զուտ շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը կազմելու է շուրջ 6 տարի, որից հետո կմեկնարկի 365 օր տևողությամբ որակի երաշխիքային ժամկետը:
- Մանրամասն աշխատանքային նախագիծը և շինարարության նախահաշիվը պատրաստ են: Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության մանրամասն նախագիծը մշակվել է 2018-ին, ըստ որի՝ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված (առաջին տեխնիկական կարգի ճանապարհի պարամետրերով)` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Մանրամասն աշխատանքային նախագիծը անցել է հատուկ համալիր փորձաքննություն, որի ամփոփ եզրակացությունը հավանություն է ստացել 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության թիվ 870-Ա որոշմամբ:
- 16.02.2022թ. հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։ Արդյունքներն ամփոփվել են և ներկայացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հաստատմանը։
Տրանշ 4, Քաջարան-Ագարակ հատված
Քաջարան-Ագարակ հատվածի մի մասի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
Նախատեսվում է կառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք):
Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2019 թվականի փետրվարին մրցույթի արդյունքները ամփոփվել են: 2021 թվականին նախագծման աշխատանքները ավարտվել են:
Հայտարարվել է Ագարակից մինչև թունել մոտ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։ Հայտերն այժմ գնահատման փուլում են։
Հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերն այժմ գնահատման փուլում են։