Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 5. Գյումրիի շրջանցիկ, Գյումրի-Բավրա

Տրանշ-5 - (Գյումրիի շրջանցիկ և Քեթի-Բավրա հատված), ընդհանուր երկարությունը՝ շուրջ 60կմ
Ծրագիրն իրականացվելու է 2 փուլով՝
ա․ Գյումրիի շրջանցիկ ճանապարհահատված՝ շուրջ 23կմ
բ․ Քեթի-Բավրա ճանապարհահատված՝ շուրջ 37կմ
Գյումրու շրջանցիկ ճանապարհահատված՝ շուրջ 23 կմ
Ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության հնգամյա (2021-2026թթ.) միջոցառումների ծրագրի առաջնահերթ իրականացվող ծրագրերի ցանկում։
Նախագծման փուլ
Տրանշ-5-ի նախագծումը կատարվել է 2018 թվականին, ԵՆԲ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում՝ իտալական «Լոթթի Ինջեներիա» ԲԸ և «Էյ Այ Սի Փրոջեթի» ԲԸ համատեղ գործող ընկերության կողմից։ Գյումրիի շրջանցիկ ճանապարհի նախագծի համաձայն՝ նախատեսվում էր կառուցել 23կմ երկարությամբ տեխնիկական 2-րդ կարգի Ազատան-Քեթի ճանապարհ։
Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում «չոր նավահանգստի» կառուցման հեռանկարը՝ որոշվել է անցնել 1-ին կարգի ճանապարհի կառուցմանը, ինչն էապես կբարձրացնի նախագծի ռազմավարական նշանակությունը։ Նոր ճանապարհը կարող է դառնալ «Խաղաղության խաչմերուկի» կարևորագույն մասերից մեկը՝ կապելով Արևմուտքը Արևելքին, դյուրացնելով միջազգային բեռնափոխադրումները և ամրապնդելով Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դերը։
Վերանայման անհրաժեշտություն
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ խորհրդատուի կողմից ներկայացված փաստաթղթերը կազմվել են 6 տարի առաջ, առաջացել է նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն։ Այս հարցը քննարկվել է ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ, որոնց կողմից առաջարկվել է օգտվել «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) ծրագրի գործիքակազմից։
Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից։
Տեխնիկական աջակցության (ՏԱ) շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները՝
- Տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացում
- Մանրամասն նախագծի փաթեթների վերանայում և արդիականացում
- Ծրագրի բյուջեի և նախահաշվի վերանայում և թարմացում
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստում
- Մրցութային փաթեթի պատրաստում
ՏԱ աշխատանքները մեկնարկել են 2025թ․-ի փետրվարին։
