Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Տրանշ 4. Արտաշատ-Ագարակ

Տրանշ 4 - Բաղկացած է 4 ենթահատվածից՝ Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարանի թունել‚ Քաջարան-Ագարակ

 

 

Տրանշ 4, Արտաշատ-Սիսիան հատված (հեռանկարային ծրագիր)

  • Նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 150կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ կամուրջներ և թունելներ:
  • Նախապատրաստվել է նախնական նախագիծ:

 

Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատված

  • Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անբաժանելի մասն է: Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատվել է 24.09.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1564-Ա որոշմամբ:
  • Ծրագրով նախատեսված զուտ շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը կազմելու է շուրջ 6 տարի, որից հետո կմեկնարկի 365 օր տևողությամբ որակի երաշխիքային ժամկետը:
  • Մանրամասն աշխատանքային նախագիծը և շինարարության նախահաշիվը պատրաստ են: Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության մանրամասն նախագիծը մշակվել է 2018-ին, ըստ որի՝ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված (առաջին տեխնիկական կարգի ճանապարհի պարամետրերով)` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Մանրամասն աշխատանքային նախագիծն անցել է հատուկ համալիր փորձաքննություն, որի ամփոփ եզրակացությունը հավանություն է ստացել 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության թիվ 870-Ա որոշմամբ:
  • Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսված է կառուցել 3 հատվածներով՝ հյուսիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ):
  • 15.05.2024թ. ՀՀ ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը Երևանում 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը

ՀՀ ՍԴ որոշումը ՀՀ ու ՎԶԵԲ միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության որոշումներ՝ 

 

Տրանշ-4, Քաջարանի թունել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
 
Կնքվել է վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։
 
Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ-2 ճանապարհի շուրջ 4կմ (Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
 
Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի կառուցման համար նախատեսված է 6 տարի‚ ևս 2 տարի՝ երաշխիքային ժամկետ։ ՀՀ մասնակցությունը ծրագրին 194 մլն ԱՄՆ դոլար է։ Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։

 

ՀՀ կառավարության որոշումներ՝

 

Տրանշ 4, Քաջարան-Ագարակ հատված

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:

Նախատեսվում է կառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք):

Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2019 թվականի փետրվարին մրցույթի արդյունքները ամփոփվել են: 2021 թվականին նախագծման աշխատանքները ավարտվել են:

Հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Կապալառու կազմակերպությունն է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ն։ Կապալառուի հետ շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 23.10.2023թ.

14.11.2023թ. Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia)-ի հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ստորագրել է Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ 

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքները մեկնարկել են 2024թ. սկզբին։ 

 

ՀՀ կառավարության որոշումներ՝

 

Վարկային համաձայնագիր՝

Համաձայնագիր Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4 հերթ) նախագծի ֆինանսավորման համար։ Ստորագրված է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև