Բնապահպանական և պատմամշակութային ազդեցություն

 

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանական ազդեցության գնահատումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կարևոր բաղադրիչներից մեկն է, որի հիմնական նպատակն է ապահովել Ծրագրի իրականացման բոլոր փուլերի ընթացքում (ճանապարհի և կառույցների նախագծում, իրականացում ու պահպանում) Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Բնապահպանական քաղաքականության և անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի (2009) համաձայն գործողությունների իրականացում:

ՀՀ կառավարությունը և ԱԶԲ-ն հավանության են արժանացրել Ծրագրի Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները (ԲԳՈՒՇ):

Ֆինանսավորվող յուրաքանչյուր ենթածրագրի համար իրականացվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), որը բացահայտում է ճանապարհի շինարարության հետևանքով շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների  վրա ազդեցության վտանգավորության աստիճանն ու ինտենսիվությունը, ինչպես նաև Բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) կազմում, որը նկարագրում է շինարարության հետևանքով շրջակա միջավայրի, հնագիտական, բնական և պատմամշակութային հուշարձանների վրա բացասական ազդեցության կանխարգելման ու մեղմման միջոցառումները և այդ միջոցառումների իրականացման մոնիթորինգն ու վերահսկումը:

 

Տրանշ 1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներ) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «B» կատեգորիա) մշակվել է Նախնական բնապահպանական գնահատման հաշվետվություն, որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

 

Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին ճանապարհահատված) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «A» կատեգորիա) մշակվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն (ՇՄԱԳ) և Բնապահպանական կառավարման պլան (ԲԿՊ), որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և տեղադրվել ԱԶԲ կայքում: Միաժամանակ ՇՄԱԳ հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձաքննությանը, և հաշվետվությունը 22.07.2011թ.-ին ստացել է դրական եզրակացություն:

 

Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի ճանապարհահատված) շրջանակներում (բնապահպանական ազդեցության գնահատման արդյունքում ծրագիրը դասակարգվել է որպես «A» կատեգորիա) մշակվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն (ՇՄԱԳ) և Բնապահպանական կառավարման պլան (ԲԿՊ), որը հաստատվել է ԱԶԲ-ի կողմից և տեղադրվել ԱԶԲ կայքում: Միաժամանակ ՇՄԱԳ հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձաքննությանը, և հաշվետվությունը 14.10.2013թ.-ին ստացել է դրական եզրակացություն: