Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Ըստ համաձայնագրի՝ Եվրոպական հանձնաժողովը ծրագիրը կֆինանսավորի մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։
Ծրագիրը մեկնարկել է 04.12.2019թ.։
Ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝
- Բաղադրիչ 1 -Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։
- Բաղադրիչ 2 -Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։
- Բաղադրիչ 3 -Մ-3, Մ-4, Մ-16, Հ-30, Հ-63 և Հ-69/Հ-21 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 7 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։
- Բաղադրիչ 4 -Մ-3, Մ-9 և Մ-12 միջպետական ճանապարհների վրա նախանշված 16 վթարավտանգ կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։
- Բաղադրիչ 5 -Միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթացի իրականացում։
- Բաղադրիչ 6 -Մ-6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում։
- Բաղադրիչ 7 -ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանդարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ առաջարկների փաթեթի մշակում
- Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։
- Մ-2 և Մ-4 միջպետական նշանակության ճանապարհների 9 վթարավտանգ կետերի վերացման շինարարական աշխատանքները ավարտվել են 2022թ.-ին։
- Մ-3 և Հ-69/Հ-21 միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածների 3 վթարավտանգ հատվածքների շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022թ. դեկտեմբերի 30-ին:
- Մ-4, Մ-16, Հ-30 և Հ-63 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 4 վտանգավոր կետի անվտանգության աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը կամփոփվի 2023թ. փետրվարին, որից հետո կկնքվի պայմանագիր կապալառու կազմակերպության հետ:
- Մ-3, Մ-9 և Մ-12 միջպետական ճանապարհների վրա նախանշված 16 վտանգավոր կետերի շինարարական աշխատանքների իրականացման նախագծման գործընթացներն ավարտվել են։ Հաշվի առնելով ընտրված ճանապարհների վթարավտանգ տեղամասերի առանձնահատկությունները և բնութագրերը՝ նախագծերով նախատեսված են հետիոտնային մայթերի, անցումների և արհեստական անհարթությունների կառուցման, արգելափակոցների տեղադրման, նշագծման, ճանապարհային նշանների, ջրահեռացման համակարգի բարելավման և այլ աշխատանքներ։ Նախագծերը հաստատվել են ՆԳՆ կողմից և ներկայացվել են տեխնիկական փորձաքննության։ Այս պահին մշակվում են նաև մրցութային փաստաթղթերը։
- Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթաց, որի մասնակիցներից 19-ը ստացել են ճանապարհային անվտանգության աուդիտի որակավորում։
- Մ-6 ճանապարհի վրա տեղադրվել է ճանապարհային անվտանգության իրազեկման երկու վահանակ։
- ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանդարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ 2021թ. կազմակերպվել է աշխատաժողով։ Խորհրդատուի կողմից մշակված փաստաթուղթը ընդունվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Իրականացվելիք աշխատանքների ծավալների աճով պայմանավորված՝ ԵՆԲ-ի հետ քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը։