Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագիր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի կառուցման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին։ 2014 դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը Հայաստանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացնելու նպատակով:
Ծրագրի խորհրդատու՝ «Սուսունգ էնջիներինգ և Կորեա քընսալթանթս Ինթերնեյշնլ» ՀՁ
Ծրագրի կապալառու՝ «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ (կամրջի նախագծող և շինարարությունն իրականացնող ընկերություն)
Կապալառուն սահմանված պայմանագրային ժամկետում նախագիծը ներկայացրել է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը, երկու պատվիրատուներին, ինչպես նաև երկու երկրների արտագերատեսչական փորձաքննությանը: Ստացվել են տեխնիկական վերահսկողի, հայկական ու վրացական արտագերատեսչական փորձաքննության դրական եզրակացությունները, ինչպես նաև պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը:
Կամրջի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2021թ․ հուլիսի 9-ին։ 186 մետր ընդհանուր երկարությամբ 5 թռիչքներից բաղկացած յուրաքանչյուր ուղղությամբ երկու երթևեկելի գոտի ունեցող «Բարեկամության» կամրջի շինարարությունն իրականացվել է մոտ մեկ տարվա ընթացքում։ Կամրջի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2022թ․ օգոստոսի 19-ին երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի ղեկավարների մասնակցությամբ։
Բագրատաշեն-Սադախլո անցման կետում նոր կամրջի կառուցումը նպաստել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, դյուրինացրել է առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ: