Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

04-05-2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։

Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքների բացթողումներին։

«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,- ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին‚ որակի պահպանմանն ու զեկուցել ընթացքի մասին։

Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ:
Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնացման աշխատանքները։

Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին:

Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքրվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ իրականացումը:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից։

Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն:

Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես‚ հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհներն ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

 

 

 

Վերջին նորությունները

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին