Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր
23-10-2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր։
Նախատեսվում է Դիլիջանի գործող թունելին զուգահեռ կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել, իսկ գործողը վերածել տարհանման թունելի։ Կհիմնանորոգվի նաև Պուշկինի թունելը, կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը: Նախ ներկայացվել է «Մ-6 Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում» ծրագրի նախագիծը: Նշվել է, որ նախատեսվում է վերականգնել և բարելավել 2024թ. մայիսին տեղի ունեցած հեղեղումներից տուժած Մ-6 Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածները։ Նախատեսվում է վերականգնել վնասված ճանապարհահատվածները, բարձրացնել Դեբեդ գետի հետագա հնարավոր վարարումների նկատմամբ խոցելի հատվածների դիմակայունությունը՝ ափապաշտպան միջոցառումների և հենապատերի կառուցման միջոցով, ինչպես նաև իրականացնել քարաթափման դեմ պաշտպանիչ միջոցառումներ։
Քննարկման արդյունքում ընդգծվել է անվտանգ և կլիմայական ռիսկերին դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու կարևորությունը, որը կնպաստի ճանապարհային անվտանգությանը, տրանսպորտային համակարգերի անխափան ու անվտանգ գործունեությանը, տնտեսական արդյունավետությանը, համայնքների հասանելիությանը և այլն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը զեկուցել է նաև «Դիլիջանի նոր թունելի կառուցում» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է Դիլիջանի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, մոտ 50մ դեպի ձախ կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհին և Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներում անվտանգության նվազագույն պահանջների վերաբերյալ ԵՄ 2004/54/EC հրահանգին համապատասխանող, ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով հագեցած՝ 2365 մ երկարությամբ նոր թունել՝ գործող թունելը վերափոխելով տարհանման թունելի։
Տարհանման թունելը յուրաքանչյուր 500մ-ում կապված կլինի նոր թունելի հետ, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում արագ կազմակերպել երթևեկության մասնակիցների տարհանումը։ Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ նախագծի իրականացումը կնպաստի ժամանակակից, անարգել և կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը և կծառայի մարդկանց, տնտեսական զարգացմանը և շրջակա միջավայրին: Ընդգծվել է, որ ժամանակակից թունելային համալիրի կառուցումը կնպաստի նաև արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարմանը, անխափան և հուսալի երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության, բեռնափոխադրումների և տնտեսական ակտիվության զարգացմանը:
Քրիստինե Ղալեչյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» ծրագրի նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է իրականացնել թունելի կառուցվածքային տարրերի վերականգնում և արդիականացում, ինժեներական համակարգերի բարելավում, ինչպես նաև ճանապարհային և հրդեհային անվտանգության ժամանակակից լուծումների ներդրում։ Ծրագրի իրականացումը կնպաստի երթևեկության անվտանգության և անխափանության բարձրացմանը, տրանսպորտային կապերի հուսալիության բարելավմանը և թունելի համապատասխանեցմանը ժամանակակից անվտանգության պահանջներին։
Ծավալվել է մտքերի փոխանակություն, կոմիտեի անդամները կարևորել են թունելի և դրա տեխնիկական համակարգերի արդիականացմանը, երթևեկության անվտանգ կազմակերպմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքման բարելավված պայմաններ ունենալուն ուղղված աշխատանքները:
Վերջին նորությունները
Հավաքագրվել են ճանապարհահատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ
23-10-2026Հետազոտություններ կատարվել են Մ-1, Մ-3, Մ-4, Մ-5, Հ-7, Հ-38, Հ-58, Հ-82, Հ-84, Հ-85 ճանապարհներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-3-ի 97-րդ կմ-ի հողային պաստառի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
23-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Արագածոտն-Նոր Եդեսիա ճանապարհի կմ0+160-կմ9+800 հատվածում
21-10-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին