Ստորագրվել է Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը

27-06-2026
Հունիսի 27-ին տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։
 
Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարվածաշխատանքին։
 
Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
 
Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը։ Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։
 
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով և շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։
 
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին և նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:
 
Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2կմ ընդհանուր երկարությամբ, այլև շուրջ 4կմ մոտեցնող ճանապարհներ:
 
Քաջարանի թունելի և մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվել իրանական «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության հետ։
 
Քաջարանի թունելի կառուցման պատվիրատուն է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից:

 

 

 

Վերջին նորությունները

Քաջարանի թունելը հագեցած կլինի անհրաժեշտ ժամանակակից համակարգերով

29-06-2026

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։

Կարդալ ավելին

Հանրային իրազեկման հանդիպումներ՝ Թումանյանում և Ալավերդիում

25-06-2026

Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Կարդալ ավելին

Միջին նորոգում՝ Մ-4-ի վրա

25-06-2026

Երթևեկությանը պատճառելիք անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը կատարվում է երեկոյան և գիշերային ժամերին։

Կարդալ ավելին